Մոտ 40 րոպե, 2 համաձայնագիր ու 1 աջակցության խոսք օրվա իշխանություններին․ ահա այսպես ամփոփվեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը։ Մայիսի 26-ին Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նախաստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը»։ Փաստաթղթի նախաստորագրումը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի շրջանակներում։ Նույն այցի շրջանակում Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները շրջանակային հուշագիր են ստորագրել կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ։ Իսկ վերջում ԱՄՆ պաշտոնյան նկատեց՝ ՀՀ վարչապետը ճանապարհ է հարթում դեպի «ավելի անկախ ապագա»․ սա, իհարկե, կարելի է համարել նաև նախընտրական աջակցություն։ Միջազգային և էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը Ռուբիոյի այցն օրվա իշխանություններին աջակցող փիառ քայլ է համարում, իսկ ստորագրված փաստաթղթերը՝ «խայտառակություն»։ «Խայտառակ փաստաթուղթ՝ բոլոր առումներով։ Նախ՝ այդ հանքանյութերին առնչվողը․ փաստորեն, իրենք գալիս են և այդ ամենը փորձում են իրենց վերահսկողության տակ վերցնել, օգտագործել միայն իրենց նպատակների համար։ Եթե, օրինակ, նմանատիպ փաստաթուղթ կնքեր Ռուսաստանը, դուք պատկերացնո՞ւմ եք, թե այստեղ ինչ աղմուկ կլիներ։


