Հայաստանում օր օրի թեժացող նախընտրական քարոզարշավն ուղեկցվում է արտաքին քաղաքական մեծ բաղադրիչով՝ ՀՀ իշխանությունների հասցեին Ռուսաստանից հնչող կոշտ քննադատությամբ, Արևմուտքից՝ անվերապահ աջակցության խոսքերով, այցերով, ժեստերով։ Եվ մինչ նախընտրական քարոզարշավի ամենաթեժ փուլում Հայաստան է այցելում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և երեք երկկողմ փաստաթուղթ ստորագրում հայկական կողմի հետ՝ բարձրացնելով հայ-ամերիկյան համագործակցությունը համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի, ՌԴ-ն ամենաբարձր մակարդակով ՀՀ-ին կոչ է անում կողմնորոշվել՝ մնա՞լ ԵԱՏՄ-ում, թե՞ լքել կառույցը։ Այս ամենն ուղեկցվում է նաև Ռուսաստանից փոքր տնտեսական սանկցիաներով, պայմանավորված Հայաստանից ՌԴ մատակարարվող մի շարք ապրանքների որակական հատկանիշներով, որոնք ՀՀ իշխանությունները համարում են բնականոն աշխատանքային խնդիրներ, որևէ արտառոց իրավիճակ չտեսնելով այդ ամենում։ Այս ամենի հետ մեկտեղ, Հայաստանում իշխանության կողմից մեծ թափ է առել, այսպես կոչված, լրտեսների, գործակալների թեման, թեման շրջանառվում է հնարավոր ամեն կերպ՝ նախընտրական դիսկուրսում առանցքային թեմայի վերածելով ՌԴ-ից, այսպես կոչված, միջամտության թեման։ Եվ որքան Հայաստանի ներսում սրվում է Ռուսաստան-Արևմուտք հակադրությունը, դիսկուրսը, այնքան սրվում են Ռուսաստանից հնչող հայտարարությունները՝ վերածվելով սպառնալիքների։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս շատ խիստ քննադատության էր ենթարկել Նիկոլ Փաշինյանի և իշխանության վարած արտաքին քաղաքականությունը, այն համեմատելով Ուկրաինայի օրինակի հետ։ Մեդվեդևը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին, որը կվնասի ամբողջ հայ ազգին և երկրի տնտեսությանը։ «Մենք պատրաստ ենք շարունակել զարգացնել արդյունավետ, փոխշահավետ համագործակցությունը և իրավահավասար փոխգործակցությունը Հայաստանի և նրա ժողովրդի հետ։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, մեր դաշնակիցը պետք է ունենա կառուցողական տրամադրված ղեկավարություն, որը պատրաստ է բարեկամանալ Ռուսաստանի հետ»,- նշել էր Ռուսաստանի ԱԽ փոխնախագահը։



