Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալման ռիսկը դարձել է միջազգային հաշվարկների գործոն. սրանով էր պայմանավորված ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հապճեպ այցը Երևան։ 168 TV -ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի տեսակետ հայտնեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան ը ։ Քաղաքագետը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանին ընտրություններով իշխանությունից հեռացնելու պատմական հնարավորություն կա, քանի որ Փաշինյանն այլևս չունի ժողովրդի աջակցությունը։ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ ամերիկյան ինստիտուտները շատ լավ տիրապետում են սոցհարցումների իրական պատկերին, ուստի ամերիկացիները մինչև հունիսի 7-ի ընտրությունները Հայաստանում ստանալ իրենց ուզածը։ « Ինձ համար այստեղ կարևորն այն է, որ Փաշինյանի տապալման ռիսկն արդեն դարձել է միջազգային հաշվարկների գործոն, այսինքն՝ ամերիկացիներն այլևս այդքան վստահ չեն, որ Փաշինյանը կընտրվի։ Նրանք շտապում են, և այս շտապողականությունը կարևոր մեսիջ է, որը մեր ժողովուրդը և հատկապես մեր ընդիմությունը պետք է ընկալեն, և իսկապես կանգնած ենք լուրջ հաջողություն ունենալու պատմական շանսի առջև այս պահին։ Երբ նայում եմ քարոզարշավը, երբ նայում եմ հանրային տրամադրությունների փոփոխությունը, ակնհայտ է, որ ժողովուրդը մերժում է Նիկոլին։ Նա չունի ժողովրդի աջակցությունը։ Ժողովուրդը դեռ մինչև վերջ չի ընդունում ընդդիմությանը, բայց ես կարծում եմ, որ ճիշտ աշխատելու պարագայում այդ հարցը կլուծվի, այսինքն՝ եթե մարդիկ գան ընտրության, Նիկոլի հարցերը լուծված են լինելու, և ամերիկյան կողմն այդ ռիսկը տեսնում է, վստահ եմ՝ նաև եվրոպական կողմն է տեսնում։ Մենք ուղղակի պետք է հասկանանք, որ մոտ ենք հաջողությանը »,- կարծում է քաղաքագետը։



