Ճապոնիայի կողմից զենքի արտահանման արգելքի վերացումը հիշեցնում է պшտերազմի նախապատրաստություն. Չինաստանի ԱԳՆ

Մահաբեր զենքի արտահանման սահմանափակումները վերացնելու և ռազմական արդյունաբերության արագացված զարգացմանն ուղղված Ճապոնիայի գործողությունները ճշգրտորեն կրկնում են համաշխարհային պատերազմի նախապատրաստման գործընթացները։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այս վտանգավոր միտումները զարմանալիորեն նման են Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ագրեսիա սանձազերծելու նպատակով ճապոնական միլիտարիստների նախապատրաստական գործընթացներին»,- ընդգծել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ պատմական փորձը ապացուցում է, որ միլիտարիզմի վերածնմանը տուրք տալու դեպքում ոչ ոք չի կարողանա խուսափել աղետալի հետևանքներից։ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Պոտսդամի հռչակագիրը և մի շարք այլ միջազգային փաստաթղթեր պարտավորեցնում են Ճապոնիային ամբողջությամբ զինաթափվել։ Այնուամենայնիվ, ճապոնական իշխանությունները հետևողականորեն շրջանցում են այդ սահմանափակումները և արտաքին աջակցությամբ արագացված տեմպերով մեծացնում են մարտական ներուժը, ինչը լուրջ սպառնալիք է ներկայացնում համընդհանուր անվտանգության համար։ Ապրիլի 21-ին Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես հաստատել է պաշտպանական արտադրանքի փոխանցման այսպես կոչված երեք սկզբունքների վերանայման մասին որոշումը։ Սա փաստացիորեն վերացրել է ճապոնական սպառազինության, այդ թվում՝ մահաբեր զենքերի դասին պատկանող միջոցների արտահանման սահմանափակումները։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին ընդգծել է, որ դաշնակից պետություններին զենքի փոխանցումը նպաստում է նրանց պաշտպանական ներուժի ամրապնդմանը և հենց Ճապոնիայի անվտանգության ապահովմանը՝ հավելելով, որ հավատարմությունը խաղաղասեր պետության հիմնարար սկզբունքներին մնում է անփոփոխ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5823

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով