Աստծո աչքը

«Ո՞ւր գնամ ես Քո հոգուց, կամ Քո դեմքից ու՞ր փախչեմ։ Եթե երկինք ելնեմ, այնտեղ ես Դու, Եթե դժոխք իջնեմ, դրան էլ մոտ ես» (Սղմ․ ՃԼԹ 7-8)։ Շատ անգամներ է խոսվում աչքի զորության ու նշանակության մասին՝ իբրև հոգու պատուհան, որի միջով հնարավոր է տեսնել հոգու խորքում եղած-անցածն ու սրտի ամենածածուկ խորհուրդները։ Զգացումներ կան, որոնք հազիվ կարող ես շուրթերով, խոսքով արտահայտել ու բացատրել, սակայն միայն մի ակնարկը, մի պարզ ակնարկը, աչքի ծայրով մեկ հայացքը գուշակել է տալիս զգացմունքների մասին։ Երբ մահամերձը մահվան անկողնում է՝ իր սիրելիներով շրջապատված, խոսքով չի կարող արտահայտել այն, ինչ զգում է իր սրտում, ինչ խորհում է իր մտքում, ինչ անցնում-դառնում է իր հոգու մեջ, և, երբ նրան շրջապատողները չեն համարձակվում խոսել նրա հետ՝ վախենալով նրան հոգնեցնելուց, այդժամ մահամերձի ու նրան շրջապատողների միջև աչքերի միջոցով խորունկ ու խորհրդավոր մի հաղորդակցություն է սկսվում, որը ավելի լավ կարող է հասկացնել միտքը, քան ամենապերճախոս բառերը։ Նույնպես է և մոր հայացքը իր սրտակից զավակի վրա։ Որչա՜փ խոսուն, պերճախոս ու ազդեցիկ է նաև սիրելիին ուղղված սիրավառ աչքերի հրապույրը։ Այն, ինչ աչքերի մասին հայտնի է մարդկանց, բոլորովին ճշմարիտ է նաև Աստծո աչքերի համար։ Նրա աչքն այնքա՜ն զորավոր ու այնքա՜ն կենդանի է, որ թագապսակ Դավիթ մարգարեն իր սաղմոսում ասում է․ «Չի ննջում ու քուն չի մտնում Իսրայելի պահապանը», և որևէ մեկը չի կարող փախչել նրա տեսադաշտից․ «Ո՞ւր գնամ ես Քո հոգուց, կամ Քո դեմքից ո՞ւր փախչեմ։ Եթե երկինք ելնեմ, այնտեղ ես Դու, եթե դժոխք իջնեմ, դրան էլ մոտ ես»։ Ինքը՝ Դավիթը, իսկապես զգաց, որ Աստված խորունկ կերպով քննում է իրեն, ճանաչում իր սրտի ու մտքի խորքում եղած-չեղածը, ու եթե անգամ նա փորձեր էլ փախչել, պիտի հետևեր նրան։ Դավիթը միշտ իր վրա սևեռված զգաց իր խորհուրդների մեջ թափանցող Աստծո անքուն ու արթուն աչքը, և, բացականչելով՝ ասաց․ «Ո՞ւր գնամ, ո՞ւր փախչեմ քո երեսից»։ Իսկապես, մենք չենք կարող մեր տկար լեզվով բացատրել ու հասկացնել Նրա ամենատեսության, ամենագիտության չափը․ որ կողմ էլ որ գնաս, ուր էլ որ լինես՝ թե՛ լեռների բարձունքներին, թե՛ երկնքի կապույտ կամարի ներքո, թե՛ օվկիանոսների խորքում, թե՛ սենյակի չորս պատերի մեջ՝ հազիվ մի լուսամուտ ունենալով, իմացի՛ր, որ Աստծո աչքը հետևում է քեզ։ Այն շատ մոտից է տեսնում, այն ներկա է քեզ մոտ, քո շուրջը, քո գլխավերևում, այն աստիճանի, որ մինչև իսկ քո գլխի բոլոր մազերը հաշվել է։ Եվ իմացե՛ք, որ եթե գեթ մի վայրկյան մենք վրիպեինք նրա աչքից, նույն այդ պահին կոչնչանայինք, կդադարեինք գոյություն ունենալուց։ Խորհե՛ք այն մասին, որ Աստծո ահավոր ներկայության առջև ենք գտնվում, որ կա Մեկը, որը քննում է ձեր խորհուրդները, որ կա մի Աչք, որը երբեք «քուն չի մտնում»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով