Նոր Սահմանադրության նախագծի տեքստը դեռևս պատրաստ չէ հրապարակման։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նրա խոսքով` հունիսի 9–ին «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստում քննարկվել է նաև Սահմանադրության նախագիծը։ «Երեկ քննարկել ենք Սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը։ Սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքներին, մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, ևս 1 կամ 2 քննարկում կունենանք և կորոշենք՝ պատրա՞ստ ենք հրապարակել նոր Սահմանադրության նախագծի տեքստը, թե՞ ոչ»,–Ասաց Գալյանը։ Լրագրողի հարցին, թե ինչու նոր Սահմանադրության նախագծի տեքստը չհրապարակվեց մինչև ընտրությունները, Գալյանը շեշտեց, որ տեքստը պատրաստ չէ և տեքստը հրապարակել կամ չհրապարակելը միանձնյա որոշում չէ։ «Որոշել ենք չհրապարակել` չենք հրապարակել, կորոշենք հրապարակել` կհրապարակենք։ Սա է իմ պատասխանը»,–ասաց Գալյանը։



