« Արդարև, թեպետ մենք չգիտեինք, սակայն Դո՛ւ ես Աստված՝ Իսրայելի Փրկիչ Աստված» ( Եսայի ԽԵ 15): Հիրավի, Դու Ինքդ Քեզ ծածուկ պահող Աստված ես, «ո՜վ Իսրայելի Փրկիչ Աստված»: Եսայի մարգարեն, ով գրել է իմ ընտրած այս բնաբանը, շատ լավ գիտեր, որ հավատքը Աստծուն մարմնական աչքերով տեսանելի չէր դարձնում և մարմնի երևումով դուրս չէր հանում Նրան ամպերի միջից, այլապես Աստված կդադարեր Աստված լինելուց, քանի որ տեսանելի Աստվածը չէր կարող Աստված լինել: Մարգարեն այս խոսքը դրել էր հեթանոսների շուրթերին, որոնք, դառնալով միակ ու ճշմարիտ Աստծուն, պիտի խոստովանեին իրենց անհավատությունն ու տգիտությունը: Նրանք իրենց դարձի օրն այլևս չպիտի սպասեին, որ իրենց աչքերով տեսնեն Իսրայելի Աստծուն, քանի որ այդ Աստված ծածկյալ Աստված էր: Նրանք տեսել էին տեսանելի աստվածներ՝ Բաաղի կամ Մողոքի պարսավելի կուռքերին, որոնք աչքեր ունեին, սակայն չէին տեսնում, բերան ունեին, սակայն չէին խոսում, ականջ ունեին, սակայն չէին լսում: Իսրայելի Աստված, սակայն, աներևույթ Աստվածն էր, որ փրկություն պիտի լիներ իրենց համար: Իսկ մի՞թե երբեմն մենք ևս, հեթանոսների նման, չենք կամենում, որ տեսանելի լինի Աստված: Մեր կյանքի զանազան դժբախտությունների ու աղետների կամ անարդար թվացող տառապանքների ժամանակ մի՞թե չենք ուզում, որ Աստված շոշափելի կերպով երևա մեզ և բուռն բաղձանքների իրականացմանը զուր սպասելու ավարտին դեպի երկինք հառելով մեր աչքերը՝ ասում ենք. «Արդարև, Դու Քեզ ծածկող Աստված ես»: Դժվար է ասել, թե ինչ ոգով, սակայն մի զորեղ հավատքի ներշնչանքով Էռնեստ Ռենուն՝ մեծ բանասերն ու գիտուն պատմաբանը, իր մահվանից առաջ աչքերը երկինք սևեռած՝ գոչեց. «Ո՜վ Աստված, Դու, արդարև, թաքնված Աստված ես»: Թաքնված չէ՞ միթե այն Աստված, որ թույլատրում է ահռելի ու անտանելի դժբախտություններ, որոնք օրեցօր ավելանում են ու բարդվում մարդկության վրա: Մի օր տեղեկանում ենք, որ հանքի փլուզման, պայթյունի հետևանքով հարյուրավոր աշխատավորներ փլատակների, հողի տակ են մնացել: Սարսուռով տեղեկանում ենք մեկ այլ տեղ իրականացվող կոտորածների շարքի մասին, երբ անթիվ-անհամար անմեղ մարդիկ զոհվում են վրեժխնդրության սրերի ու սվինների միջոցով: Մի ուրիշ օր էլ իմանում ենք որևէ հրաբխի ժայթքման մասին, որի հետևանքով անհամար գյուղեր ու քաղաքներ հրեղեն տարափի վտանգին են ենթարկվում: Այս լուրերի առաջացրած հուզումը հազիվ նոր անցած՝ հաղորդվում է լուրը մի այնպիսի՜ ահռելի երկրաշարժի մասին, որի հետևանքով առաջացած մարդկային-ֆիզիկական ու նյութական զոհերի թիվը անհաշվելի քանակության է հասնում. սարսափելի կործանում, որը, կարծես թե, գերազանցում է բոլոր նախկին աղետները: Այնժամ ամենքի շուրթերից լսում ենք. «Ո՞ւր է Աստված, ի՞նչ է անում Նա, մի՞թե այս աղետները չեն հուզում նրան, մի՞թե այսպիսի աղետները մարդու հավատքի խարխլման պատճառ չեն կարող հանդիսանալ»:



