«Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հունիսի 11-ին հրավիրել է նախընտրական ծրագրի մշակման փորձագիտական խմբի նիստ։ Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։ Ըստ տեղեկատվության, Մեդվեդևը փորձագետներին հանձնարարել է հաշվի առնել Ռուսաստանի «յոթ հիմնական մարտահրավերները»։ Նրա գնահատմամբ, առաջին լուրջ խնդիրը ժողովրդագրական վիճակն է։ Երկրորդ տեղում Մեդվեդևը նշել է «կադրերի և նոր մասնագիտությունների պակասը»։ Որպես երրորդ «համակարգային մարտահրավեր» Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը նշել է «տարածաշրջանների անհամաչափ զարգացումը»։ Չորրորդ տեղում Մեդվեդևը ընդգծել է «արտաքին մարտահրավերները» և հավելել, որ «Ռուսաստանը պետք է զարգանա անգամ այդ պայմաններում»։ Ըստ «Եդինայա Ռոսիայի» նախագահի, Ռուսաստանի հինգերերդ մարտահրավերը «տեխնոլոգիական ոլորտն է, որ ներառնում է արհեստական բանականությունը, անօդաչու համակարգերը, տիեզերական տեխնոլոգիաները, ռոբոտացումը»։ Մեդվեդևը թվարկումը ամփոփել է «գաղափարական մարտահրավերների հաղթահարման և Ռուսաստանի անվտանգության ապահովման» առաջնահերթությամբ։ Աչքի է զարնում, որ «Եդինայա Ռոսիայի» նախընտրական ծրագրի հիմնադրույթները գոնե Մեդվեդևի թվարկած առաջնահերթությունների առումով զերծ են սոցիալական պոպուլիզմի տարրերից։ Ըստ երևույթին, իշխող վերնախավը ժողովրդին առաջարկելու «քաղցրաբլիթ» չունի կամ նման խոստումների անհրաժեշտություն չի տեսնում։ Պետական դումայի ընտրությունները սպասվում են սեպտեմբերին։ «Եդինայա Ռոսիայից» զատ դրանց կմասնակցեն կոմունիստները, Լիբերալ-դեմոկրատական և «Արդար Ռուսաստան» կուսակցությունները։ Դումայի ընտրությունները անցկացվում են ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով։ Ամենայն հավանականությամբ, սոցիալ-տնտեսական խնդիրների և դրանց լուծման հեռանկարների քարոզչություն կիրականացնեն կոմունիստները։ Կոմկուսի առաջնորդ Զյուգանովը պետդումայի ամբիոնից խստորեն քննադատել է Միշուստինի կառավարությանը։ Փորձագետների շրջանում տպավորություն կար, որ Պուտինը մինչև դումայի ընտրությունները «գոլորշի բաց կթողնի» և կառավարությունը կցրի, բայց դա տեղի չի ունեցել։ Իշխող կուսակցությունը, այսպիսով, ընտրությունների կգնա տնտեսական բարդ իրավիճակում։ Մեդվեդևի «յոթ թեզիսները», հավանաբար, հասցեագրված է Ռուսաստանի հանրության էլիտար շրջանակներին։ Ուկրաինայի դեմ պատերազմից հետո Ռուսաստանում «ուղեղների արտահոսքը» հասել է սպառնալի չափերի։ Ռուսաստանի տնտեսության անգամ ամենազարգացած ոլորտը՝ ռազմաարդյունաբերական համալիրը, մեծապես կախված է օտարերկրյա տեխնոլոգիաներից։ Ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը, Մեդվեդևի «առաջնահերթությունները» պատասխան չեն տալիս։



