Միացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի ստորագրումը տեղի չի ունենա հունիսի 14-ին, սակայն հնարավոր է, որ դա տեղի ունենա առաջիկա օրերին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքերը։ «Մենք պետք է սպասենք հուշագրի ստորագրման ճշգրիտ ժամանակի վերաբերյալ տեղեկատվությանը։ Չնայած դա վաղը տեղի չի ունենա, սակայն չի բացառվում, որ տեղի կունենա առաջիկա օրերին»,-ասել է Բաղային։ Նշենք, որ ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների ու Իրանի միջև խաղաղության գործարքի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում։ «Մենք ավելի մոտ ենք խաղաղության գործարքին, քան երբևէ։ Հավանաբար, ավարտը սպասվում է հաջորդ 24 ժամվա ընթացքում, և Պակիստանը պատրաստվում է անմիջապես դրանից հետո խաղաղության գործարքի էլեկտրոնային ստորագրմանը, որին հաջորդ շաբաթ կհաջորդեն տեխնիկական մակարդակի բանակցությունները»,-գրել էր Շարիֆը։



