Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում

Հունիսի 16 -ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սկսում է Մոսկվա երկօրյա աշխատանքային այցը։ Նախօրեին Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության արտահերթ նիստ է գումարել, որ, դատելով թուրքական մամուլի հրապարակումներից, ամբողջովին նվիրված է եղել Իրանի և ԱՄՆ միջև ձեռք բերված համաձայնությանը և հուլիսի 7-8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ «տագնապի ժամանակը հաղթահարվել է, տարածաշրջանը կարող է հանգիստ շունչ առնել»՝ նկատի ունենալով, որ ԱՄՆ-ը և Իրանը մոտակա օրերին կստորագրեն պատերազմը ավարտելու մասին համաձայնագիրը։ Ֆիդանի Մոսկվա այցի մասին Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունից հետևում է, որ նա առաջին օրը բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Լավրովի հետ, ապա «կընդունի ՌԴ նախագահի օգնական Մեդինսկուն և խորհրդական Լևիտինին», ինչպես նաև կհանդիպի «թուրք գործարարների հետ»։ ՏԱՍՍ-ը փոխանցել է, որ Ֆիդանը «կվերահաստատի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև նոր բանակցություններ ընդունելու պատրաստակամությունը և կքննարկի Սև ծովում անվտանգության ապահովման առաջարկություններ»։ ՏԱՍՍ-ը, հեղոլով «թուրքական աղբյուրներին», հայտնել է, որ Ֆիդանը ծրագրում է «քննարկումներ ունենալ նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ, ինչպես նաև հանդիպել նախագահ Պուտինին»։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին ասել է, թե «սպասվում է, որ կողմերը կքննարկեն միջազգային օրակարգի առանցքային հարցերը՝ ներառյալ Մերձավոր Արևելքի, Սեւծովյան տարածաշրջանի և Անդրկովկասի ու Միջին Ասիայի իրավիճակը և այլ հրատապ թեմաներ»։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի մոսկովյան այցի ընդարձակ օրակարգը վկայում է, որ Մոսկվա-Անկարա հարաբերությունները մտել են, այսպես ասած՝ «ստուգողական փուլ»։ Որքանով հասկացվում է, Ռուսաստանը անհանգստացած է Սևծովյան տարածաշրջանում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Թուրքիայի ազդեցության տարածմամբ, բայց միաժամանակ փորձում է խուսափել տարաձայնությունների բացահայտումից։ Թուրքիան հյուրընկալում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Էրդողանը հայտարարել է, որ «չնայած որոշակի տարաձայնություններին», Թուրքիան «շարունակում է մնալ Դաշինքի հարավ-արևելյան թևի դարպասը»։ Ռուսաստանը ՆԱՏՕ-ն համարում է «թշնամական կառույց»։ Չնայած դրան, Մոսկվան հետխորհրդային տարածքի թուրքախոս պետությունների և Թուրքիայի բազմակողմ, այդ թվում՝ ռազմական ոլորտում, համագործակցության նկատմամբ լոյալություն է ցուցաբերել։ Ֆիդանի մոսկովյան այցից, երևի, հնարավոր կլինի կռահել, թե որքանո՞վ են կողմերը հավատարիմ «սիներգիայի սկզբունքին»։ Հայաստանի համար դա չափազանց սկզբուքային նշանակություն ունի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5996

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով