ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կատարի էմիրի հետ հանդիպմանն անդրադարձել է Իրանի շուրջ զարգացումներին։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն ավարտված է և այժմ անցնում է երկրորդ փուլ, որը, նրա խոսքով, կարող է ավելի հեշտ լինել. «Իրանի հետ մեր գործարքն ավարտված է։ Անցում ենք երկրորդ փուլին»։ Միաժամանակ նա հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ-ը պատրաստվում է ներդրումներ կատարել Իրանում։ «Մենք որևէ գումար չենք ներդնում Իրանում։ Երեկ տարածված լուրերը անհեթեթ էին։ Մենք որևէ պարտավորություն չունենք Իրանում գումար ներդնելու», – ասել է Թրամփը։ Խոսելով Իրանի ներքաղաքական իրավիճակի մասին՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի հավատում արտաքին միջամտությամբ իրականացվող ռեժիմների փոփոխությանը։ «Ես տարիներ շարունակ տեսել եմ ռեժիմների փոփոխություններ, և դրանք երբեք չեն աշխատում։ Դա պարզապես պետք է տեղի ունենա ինքնին», – ասել է նա։ Ուկրաինայի պատերազմի թեմայով Թրամփը, անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է համաձայնության գա, քանի որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան կրել են մարդկային մեծ կորուստներ։ Լիբանանի և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ Թրամփը հայտնել է, որ Իսրայելին առաջարկել է թույլ տալ Սիրիային զբաղվել «Հեզբոլլահի» հարցով։ «Անկեղծ ասած, կարծում եմ՝ նրանք դա ավելի լավ կանեն», – նշել է ԱՄՆ նախագահը։



