Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»

Հունիսի 16-ին Իլհամ Ալիևը ընդունել է Վատիկանի Միջկրոնական երկխոսության դիկաստրիայի պրեֆեկտ Ջորջ Ջեկոբ Կուվակադային։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։ Հաղորդագրությունից հասկանալի է դառնում, որ Սուրբ աթոռի բարձրաստիճան պաշտոնյան պատրաստվում է «այցելել Ադրբեջանի տարածաշրջաններ»։ Հանդիպման ավարտին Ալիեւը նամակ է փոխանցել և Հռոմի պապ Լևոն 14-րդին հրավիրել Ադրբեջան։ Կարելի է ենթադրել, որ Սուրբ աթոռի պաշտոնական պատվիրակը Ադրբեջան է գործուղվել, որպեսզի ծանոթանա քրիստոնեական ժառանգության պահպանման վիճակին։ Դժվար է ասել, թե դա «ստուգողական» ուղևորություն է, բայց եթե Ալիևը Հռոմի պապին Ադրբեջան այցի հրավեր է փոխանցել և հիշեցրել Վատիկանի և «Հեյդար Ալիև» հիմնադրամի համագործակցությունը, ուրեմն խնդիրը բավական զգայուն է։ Ներկայիս Ադրբեջանի տարածքում Կաթոլիկ եկեղեցու «պատմական ներկայությունը» տասնամյակների պատմություն ունի։ Ալիևը պապական պատվիրակին հավաստիացրել է, որ Բաքվում «կաթոլիկ երկրորդ եկեղեցի կկառուցվի»։ Ադրբեջանում քրիստոնեական մյուս բոլոր եկեղեցիները հայկական են, բացառությամբ նախանցյալ դարում կառուցված՝ Ռուս ուղղափառ եկեղեցու մի քանի աղոթատեղիների։ Ադրբեջանը խնդիր ունի իր ներկայիս տարածքի հայկական եկեղեցիները և վանքերը «օրինականացնել որպես ուդի-աղվանական»։ Անցյալ տարի Վատիկանի պաշտոնական հանդեսը «Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ժառանգության» մասին ծավալուն հոդված է հրապարակել։ Վատիկանի Միջկրոնական երկխոսության դիկաստրիայի պրեֆեկտը Ադրբեջան է այցելել օկուպացված Ստեփանակերտում Ադրբեջանի իշխանությունների կողմից երկու եկեղեցու ավերումից հետո։ Բաքուն պատճառաբանել է, որ դրանք «կառուցվել են քաղաքաշինության կանոնների խախտմամբ և պատմամշակութային արժեք չէին ներկայացնում»։ Միաժամանակ Ադրբեջանի կառավարությունը «Աղվանական վանք․ պահպանվում է պետության կողմից» ցուցանակներ է տեղադրել Ամարասում, Ծիծեռնավանքում, Գանձասարում և հայկական այլ վանքերում։ Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Կուվակադան կայցելի՞ օկուպացված Արցախ, կծանոթանա՞ քրիստոնեական կոթողների վիճակին։ Չափազանց կարևոր է, թե նա ի՞նչ տպավորություններ կվերադառնա Վատիկան և Հռոմի պապին ի՞նչ և ինչպե՞ս կներկայացնի։ Եթե Հռոմի Լևոն 14-րդ պապը ընդունի Ադրբեջան այցի հրավերը, կնշանակի՞, որ Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական պատմամշակութային ժառանգությունը «ճանաչում է ուդի-աղվանական»։ Բայց այդ ժամանակ հարց կծնվի․ «Իսկ ո՞ւր են այդ ժառանգության տերերը»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6034

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով