Բրիտանական The Economist-ը, հղելով իր աղբյուրներին, գրել է, որ Ուկրաինան Միացյալ Նահանգների հետ քննարկում է «ռազմաճակատային առկա գծով կրակի դադարեցման հնարավորությունը»։ Ըստ լրատվամիջոցի, նախնական փուլում ենթադրվում է «ճակատային գծի երկու կողմից հիսուն-յոթանասուն կիլոմետր զոնայում մարտական գործողությունների սահմանափակում, այնուհետև՝ ավելի լայն համաձայնություն»։ Ուշագրավ է, որ հունիսի 19-ին տարածված տեղեկատվությունը առանց որեւէ մեկնաբանության կամ նույնիսկ «խմբագրական» միջամտության փոխանցել է նաև ՌԻԱ Նովոստի պաշտոնական գործակալությունը։ Ավելին, ռուսաստանյան լրատվամիջոցը հավելել է, որ, ըստ արեւմտյան աղբյուրների, Ուկրաինան «վերականգնել է Ռուսաստանի հետ ոչ պաշտոնական շփումները»։ Տեղեկատվական այս «արտահոսքը», ինչին ՌԻԱ Նովոստին առերևույթ չի առարկել, «կազմակերպվել» է մի փուլում, երբ «Մեծ յոթնյակի» գագաթաժողում քննարկվել է Ուկրաինային ռազմական աջակցության շարունակականությունը պահպանելու և մեծացնելու հեռանկարը, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ուկրաինական կարգավորման հարցում ԱՄՆ նախագահ Թրամփի դիրքորոշման փոփոխություն է արձանագրել այն իմաստով, որ նա Ուկրաինայի ռազմական հաջողությունները ընդունել է։ Ըստ երևույթին, «Մեծ յոթնյակի» ձևաչափով քննարկումները, իրոք, Ուկրաինայի նախագահ Զելենսկուն «դրական ազդակ են փոխանցել»։ Հունիսի 19-ին նա Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին «մեկ շաբաթ ժամանակ է տվել, որպեսզի Ուկրաինայի սահմանից հեռացնի խաղաղ բնակչության դեմ հրետանային կրակը ուղղորդող» միջոցները։ Զելենսկին առանց դիվանագիտական նրբությունների դիմելու հասկանալ է տվել, որ հակառակ դեպքում այդ միջոցները «կհամարվեն օրինական թիրախ»։ «Ալ- Արաբիա» հեռուստաընկերությանը հարցազրույցում Լուկաշենկոն խոստովանել է, որ Ուկրաինայի համար բելառուսական տարածքը «ափի մեջ» է։ Ուկրաինական թելեգրամյան ալիքները հրապարակայնացրել են, որ նախկին Բելառուսի «տարածքից Ուկրաինան ենթարկվել է հրթիռային հարձակումների»։ Որոշ ռազմական փորձագետներ համոզված են, որ Բելառուսը Ռուսաստանի բանակի «վառելիքի հիմնական մատակարարն» է։ Ավելի վաղ կանխատեսել էինք, որ մոտ ժամանակներս Բելառուսը «կհայտարարի Ուկրաինայի կողմից հարձակման ենթարկվելու» մասին և «կբացվի երկրորդ ճակատը»։ Զելենսկու «վերջնագիրը», երևում է, հետապնդում է այդ սցենարը կանխելու նպատակ։ Մոսկվայում սպասում են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Ուիթկոֆին և Քուշներին։ Եթե The Economist-ի աղբյուրների տեղեկությունը գոնե հավանական է, պետք է ենթադրել, որ նրանք ՌԴ նախագահին կներկայացնեն ուկրաինական ռազմաճակատի շփման գծով կրակը դադարեցնելու առաջարկություն։ Փորձագետների մեծամասնությունը, մինչդեռ, համոզված է, որ Պուտինը «կրակի դադարեցմանը կհամաձայնի եկող գարնանը, երբ սարսափելի ձմեռվանից հետո Զելենսկու բանակցային դիրքերը թուլացած կլինեն»։ «Մեծ յոթնյակը» հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի Ուկրաինան հաղթահարի ձմռան փորձությունը։



