ԵՄ գագաթնաժողովի առաջին օրը պետք է նվիրված լիներ Չինաստանին և Եվրամիությանը անդամակցելու Ուկրաինայի հայտի հանդիսավոր առաջմղմանը։ Չինաստանի տնտեսական ազդեցությանը դիմակայելու ռազմավարության շուրջ երկար սպասված քննարկումը ձգձգվել է մինչև 23։00։ Պաշտոնական ընթրիքի ժամանակ ԵՄ առաջնորդների բանավեճի հիմնական թեման դարձավ ուկրաինական պատերազմը, գրում է Euroactiv-ը։ ԵՄ առաջնորդները ջերմորեն ողջունել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ նշանավորելով ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։ Սակայն նրա հեռանալուց անմիջապես հետո մթնոլորտը փոխվել է. քննարկումն արագորեն անցել է Կրեմլի հետ ապագա հնարավոր շփումների վիճահարույց հարցին, թեև, եվրոպական առաջնորդների գնահատմամբ, Մոսկվան խաղաղության բանակցությունների որևէ պատրաստակամություն չի ցուցաբերում, նշում է լրատվամիջոցը։ ԵՄ առաջնորդների կարծիքները բաժանվել են այն հարցում, թե ով կամ երկրների որ խումբը պետք է գլխավորի Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունները։ Գիշերվա ժամը մոտ երկուսին, սակայն, լարվածությունը մի փոքր թուլացել է. լրագրողների հետ զրուցող Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վեվերի կողքով անցնելիս Կոշտան հումորային կարճ երկխոսություն է ունեցել նրա հետ։ «Ես հենց նոր Ձեր մասին էի խոսում, Անտոնիո՛, և շատ էի գովում։ Ասում էի, որ Դուք միակն եք, ով կարող է ներկայացնել մեզ, և որ մենք Ձեզ հնարավորինս արագ կուղարկենք Մոսկվա», — կատակել է Դե Վեվերը։ «Որովհետև դուք ինձ չեք սիրում Բրյուսելում», — ժպիտով պատասխանել է Կոշտան։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ պնդում էր Մեծ Բրիտանիայի մասնակցության անհրաժեշտությունը՝ նշելով, որ խոսքը ողջ Եվրոպայի, այլ ոչ թե միայն Եվրոպական միության առաջնորդության մասին է։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կողմ է եղել «E3» ձևաչափին (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Գերմանիա) կամ Բեռլին-Փարիզ ավելի նեղ՝ «նորմանդական ձևաչափին»։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, ընդհակառակը, կողմ է եղեկ երկրների ավելի լայն շրջանակի ներգրավմանը՝ փաստելով, որ Լեհաստանը ներառված չէ «E3» ձևաչափում։ Միևնույն ժամանակ, «նորմանդական ձևաչափը» մնում է քաղաքականապես զգայուն թեմա՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո 2015 թվականի Մինսկի համաձայնագրերի բանակցություններում ունեցած իր դերի պատճառով։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, որը նույնպես թերահավատորեն է վերաբերվում «E3» ձևաչափին, առաջարկել է Մոսկվայի հետ շփումների համար նշանակել Եվրոպայի միասնական հատուկ ներկայացուցիչ։ Եվրոպացի դիվանագետների փոխանցմամբ՝ նա պնդել է, որ ԵՄ բոլոր 27 երկրների կողմից ընտրված միասնական ձայնը կուժեղացնի դաշինքի դիրքերը։ Իտալական լրատվամիջոցներին Մելոնին հայտնել է, որ իդեալական թեկնածուն պետք է ներկայացնի «միջին կամ փոքր երկիր»։ ԵՄ վարչապետներից մեկն, իր օգնականների խոսքով, այս քննարկումն անվանել է «խենթություն», քանի որ Վլադիմիր Պուտինի կողմից խաղաղության բանակցությունների պատրաստակամության ոչ մի նշան չկա։ Կրեմլի հետ «թեժ գիծ» ստեղծելու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի նախաձեռնությունը նույնպես պառակտում է առաջացրել ԵՄ առաջնորդների շրջանում։ Կոշտան իր աշխատակազմի ղեկավարին՝ փորձառու պորտուգալացի դիվանագետ Պեդրու Լուրտյեին, հանձնարարել է երկու հեռախոսազրույց ունենալ ռուս դիվանագետների հետ։ Եվրամիության պաշտոնյաները նշում են, որ սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Զելենսկին ապրիլյան գագաթնաժողովում ԵՄ-ին կոչ էր արել ստանձնել միջնորդի դերը, որը նախկինում կատարում էր ԱՄՆ-ն։ Ոմանք Կոշտայի այս քայլը ընկալել են որպես ապագա բանակցողի իր դիրքերն ամրապնդելու փորձ։ Նախաձեռնությանը ամենախիստը արձագանքել են Մերձբալթյան երկրները, Դանիան և հյուսիսեվրոպական մի շարք պետություններ՝ հայտարարելով, որ այս քայլը նախապես չի համաձայնեցվել ԵՄ երկրների մեծամասնության հետ։ Ֆրանսիան և Իտալիան նախկինում նույնպես կողմ են արտահայտվել Կրեմլի հետ երկխոսության անհրաժեշտությանը, սակայն Մակրոնի նախորդ փորձերը մերժվել են Ռուսաստանի կողմից։ Մինչդեռ մայիսին Կոշտան հակառակ պնդումն է արել՝ նշելով, որ Մոսկվայի հետ բանակցությունները դեռ վաղաժամ են, և ընդգծել է, որ «հարմար պահի» ԵՄ-ն պատրաստ կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությանը։



