100 միլիոն տարի առաջ օվկիանոսներում բնակվել են 19 մետրանոց հսկա ութոտնուկներ

Ըստ Science ամսագրում հրապարակված նոր հետազոտության՝ 100 միլիոն տարի առաջ Երկրի օվկիանոսներում կարող էին բնակվել հսկայական ութոտնուկներ։ BBC-ի փոխանցմամբ, այդ կենդանիներից որոշները, որոնք Երկրի վրա ապրել են դինոզավրերի հետ նույն ժամանակաշրջանում, հավանաբար եղել են ահարկու և հզոր գիշատիչներ. նրանք ունեցել են ամուր շոշափուկներ՝ որսին բռնելու համար, և կտուցանման ծնոտներ, որոնց օգնությամբ կարող էին ջարդել ծովային այլ բնակիչների խեցիներն ու ոսկորները։ Փորձագետներն ուսումնասիրել են նման ութոտնուկների ծնոտների լավ պահպանված հանածոները և պարզել, որ դրանց չափերը կարող էին հասնել 19 մետրի։ Սա նշանակում է, որ նրանք կարող էին լինել գիտնականներին հայտնի ամենախոշոր անողնաշարավորները։ Տասնամյակներ շարունակ հնէաբանները կարծում էին, որ ծովային ամենախոշոր գիշատիչները եղել են ողնաշարավորները (այսինքն՝ կմախք ունեցող կենդանիները), ինչպիսիք են ձկներն ու սողունները։ Անողնաշարավորներին, օրինակ՝ ութոտնուկներին և կաղամարներին, վերապահվում էր երկրորդական դեր։ Սակայն Ճապոնիայի Հոկայդոյի համալսարանի հետազոտողները վիճարկում են այս պատկերացումը։ Ուսումնասիրելով հսկա ութոտնուկների քարացած ծնոտները՝ նրանք եզրակացրել են, որ այս կենդանիները միանգամայն ի վիճակի էին կծելով ջարդել խոշոր ձկների և ծովային սողունների խեցիներն ու կմախքները։ Ըստ հետազոտության տվյալների՝ այս ութոտնուկների մարմնի չափսերը տատանվել են 1,5-ից մինչև 4,5 մետրի սահմաններում։ Հաշվի առնելով երկար շոշափուկները՝ ենթադրվում է, որ նրանց ընդհանուր երկարությունը հասել է 7-ից մինչև 19 մետրի։ Այսօրվա չափանիշներով սա հսկայական չափս է, նույնիսկ եթե խոսքը այս սպեկտրի նվազագույն ցուցանիշների մասին է։ Հին ութոտնուկների ևս մեկ ուշագրավ առանձնահատկություն է այն փաստը, որ նրանց քարացած ծնոտների աջ և ձախ կողմերը անհամաչափ են մաշված: Սա վկայում է այն մասին, որ կենդանիները, հավանաբար, նախընտրել են ծամել որևէ մեկ կողմով: Գիտնականները կարծում են, որ սնվելու նման վարքագիծը լավ զարգացած գլխուղեղի նշան է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով