Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտ»-ը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարերով հաղթեց ղազախական «Ելիմայ»-ի արգելքը և մրցաշարի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց։ Մրցակցի հարկի տակ անցկացվող խաղի արդեն 4-րդ րոպեին «Ալաշկերտ»-ը բացեց խաղի հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Տուռեն։ Կարճ ժամանակ անց ղազախական թիմին հաջողվեց հավասարեցնել հաշիվը. 11-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բախտիյարովը։ Թիմերն ընդմիջման գնացին 1-1 հաշվի պայմաններում։ Երկրորդ խաղակեսում ևս գոլեր չգրանցվեցին։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ Քանի որ Երևանում կայացած խաղում նույնպես նույն հաշիվն էր գրանցվել, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 96-րդ րոպեին ղազախական թիմը 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որը հստակ իրացրեց Լլիչը։ «Ալաշկերտ»-ը երկրորդ գոլն ընդունելուց հետո սկսեց ակտիվ գրոհներ ձեռնարկել խաղը փրկելու համար, և, ի վերջո, լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին կարողացավ հավասարեցնել հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Տոգոլան։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում էլ ավելի հաջողակ գտնվեցին հենց «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները։



