ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս

Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Բրյուսելը Վաշինգտոնից պարզաբանումներ կպահանջի նոր մաքսատուրքերի սահմանման առնչությամբ, և որ դրանց մասին հայտարարությունը «տհաճ անակնկալ» է դարձել ԵՄ-ի համար։ Այս մասին նա ասել է Մանիլայում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի հանդիպումների շրջանակում Reuters գործակալության հետ հարցազրույցում: Ավելի վաղ ԱՄՆ-ն որոշում է կայացրել մաքսատուրքեր սահմանել 60 երկրի, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների նկատմամբ՝ դա պատճառաբանելով հարկադիր աշխատանքի դեմ պայքարով։ Մաքսատուրքերի չափը կկազմի 10-12,5 տոկոս։ Կալասը նշել է, որ ԵՄ-ում նման քայլի չէին սպասում։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից։ Նա շեշտել է՝ միությունը պահպանել է 2025 թվականին կնքված անդրատլանտյան առևտրային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ «Մենք համաձայնագիր ունեինք Ամերիկայի հետ և մենք հետևում էինք այդ համաձայնագրին…. Ահա թե ինչու մեզ համար տհաճ անակնկալ դարձավ այն, որ այս համաձայնագիրը չի պահպանվում», – ասել է Կալասը։ Բացի այդ, նա նշել է, որ նոր սահմանափակումներն անհիմն են։ Կալասի խոսքով՝ եվրոպական աշխատանքային օրենսդրությունն ավելի լավն է ամերիկյանից, ԵՄ երկրներում «կա վճարովի արձակուրդ, կան աշխատանքի լավ պայմաններ»։ Մաքսատուրքերն ուժի մեջ են մտել հուլիսի 24-ին ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 00:01-ին (Երևանի ժամանակով ժամը 08:01-ին): Այն ապրանքների համար, որոնք այս պահին փոխադրման գործընթացում են, նոր մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը հետաձգվել է մինչև հուլիսի 28-ը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9686

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով