Մեծ Բրիտանիան Ֆրանսիայից ստանձնել է բազմազգ ուժերի հրամանատարությունը. այդ ուժերը պետք է տեղակայվեն Ուկրաինայում Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։ «Գեներալ-լեյտենանտ Թոմ Բեյթմանը ստանձնում է ուժերի հրամանատարությունը, որոնք կտեղակայվեն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման դեպքում՝ փոխարինելով իր ֆրանսիացի նախորդին», – նշվել է հաղորդագրության մեջ։ Արարողությունը տեղի է ունեցել Փարիզում գտնվող կոալիցիոն ուժերի շտաբում։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգն անդրադարձել է բազմազգ ուժերի հրամանատարության ստանձնմանը։ «Ուկրաինայի առաջնագիծը մեր ազատության և ժողովրդավարության առաջնագիծն է: Ուկրաինային աջակցելու մեր հանձնառությունը՝ թե՛ հիմա մղվող պայքարում, թե՛ այն խաղաղությունն ապահովելու նախապատրաստման գործում, որը մենք ուզում ենք տեսնել, մնում է անսասան և չի տատանվի: Մենք հպարտ ենք՝ ստանձնելով այս բազմազգ ուժերի հրամանատարությունը, ինչը ցույց է տալիս ուկրաինացի բարեկամներին աջակցելու գործում մեր առաջատար դերը», – նշել է նա: Իր հերթին, գեներալ-լեյտենանտ Թոմ Բեյթմանը նշել է, որ հիմնվելով իր նախորդի և բազմազգ թիմի գերազանց աշխատանքի վրա՝ կշարունակի սերտորեն համագործակցել ուկրաինացի և միջազգային գործընկերների հետ՝ պատրաստելու ուժ, որը կօգնի աջակցել Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղությանը: Նախորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և «Կամեցողների կոալիցիայի» մյուս առաջնորդները հաստատել էին, որ Ուկրաինայում բազմազգ ուժերը (MNF-U) առաջիկա ամիսներին զորավարժություններ կանցկացնեն՝ ցույց տալու ուժերի կարողությունը ռազմական գործողությունների դադարից հետո։



