Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է

Հայաստանում բանավեճը ընդունված չէ արդեն ավելի քան երկու տասնամյակ, բայց սա այն դեպքը չէ։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը «Հրապարակին» ասել է, որ «Պրահայի քառակողմ փաստաթուղթը Արցախի գերեզմանափորը դարձավ»։ Խոսքը ինչի՞ մասին է։ 2022 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ գործընկերները իրեն առաջարկում են իջեցնել նշաձողը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, փոխարենը հասնել ԼՂ հայ բնակչության անվտանգության և իրավունքների միջազգային երաշխիքներով ապահովմանը։ Փաշինյանը, անկասկած, այդ հեռանկարը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությանը, կոնկրետ՝ նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ի՞նչ է հետևել։ Փաշինյանի հրապարակային հայտարարությունից մեկ շաբաթ հետո Ստեփանակերտում հրապարակվել է Ազգային ժողովի հայտարարությունը, որ ընդունվել է բոլոր հինգ խմբակցությունների համաձայնությամբ։ Այդ փաստաթուղթը ունի երկու սկզբունքային դրույթ։ Առաջինը սահմանում է, որ Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով Ադրբեջանի և միջազգային գործընկերների հետ բանակցելու լիազորություն չունի, իսկ երկրորդը հստակ, միանշանակ, տարընթերցման տեղ չթողնող ձևակերպմամբ սահմանում է, որ «Արցախը չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում»։ Իրադարձությունները ինչպե՞ս կզարգանային, եթե Ստեփանակերտը խորհրդարանի քաղաքական ուժերի մակարդակով չմերժեր կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու, պարզ ասած՝ ԼՂ անկախությունից կամ Հայաստանի հետ միավորումից հրաժարվելու և հայ բնակչության անվտանգության և իրավունքների միջազգային երաշխիքներով ապահովման առաջարկությունը, ոչ ոք չի կարող և չէր կարող կանխատեսել։ Բայց ասված է, որ անցյալը «ըղձական խոնարհում չի հանդուրժում», այսինքն՝ պետք է դատել ըստ փաստերի։ Իսկ իրողությունը այն է, որ ԼՂՀ Ազգային ժողովի այդ հայտարարությունից երեք ամիս հետո Ադրբեջանը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում առաջին «վրեժխնդրության» ռազմագործողություն է իրականացրել և Լաչինի միջանցքը փաստացի գրավել։ Պրահայի քառակողմ «փաստաթուղթը», որի մասին սիրում է դատողություններ անել ընդդիմադիր ցանկացած գործիչ, ընդունվել է Լաչինի միջանցքին ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության լռելյայն համաձայնությամբ Ադրբեջանի տիրանալուց երկու ամիս, Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումից երեք շաբաթ հետո։ Սա է փաստական իրականությունը։ Քաղաքական, մանավանդ իրավական գնահատականների ժամանակը, հուսանք, շատ չի ուշանա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9744

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով