Հայտարարվում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարի մեկնարկը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Երևանի քաղաքապետարանը «Լիարժեք կյանք» ՀԿ-ի հետ համատեղ արդեն հինգերորդ տարին կազմակերպում է ներառական ամառային ճամբարը, որը այս տարի կանցկացվի Ստեփանավանում։ Այս տարի, հաշվի առնելով ծրագրի նկատմամբ մեծ պահանջարկը, ճամբարն ընդլայնվել է 66%-ով, և շուրջ 250 երեխա կմասնակցի ծրագրին՝ 5 հերթափոխով։ Մասնակցությունն անվճար է։ Ծրագրին կարող են մասնակցել 8-16 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաները, ինչպես նաև սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների երեխաները։ Ճամբարի ընթացքում մասնակիցներին սպասվում են ստեղծագործական, կրթական, սպորտային և ժամանցային միջոցառումներ, նոր հմտություններ, նոր ընկերներ, բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ և անմոռանալի ամառային հանգիստ։ Մանրամասների և մասնակցության համար զանգահարեք՝ 1-05 կամ դիմեք Ձեր վարչական շրջանի սոցիալական ապահովության բաժին»- նշվում է հաղորդագրության մեջ։



