Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները

Սանտա Կրուս քաղաքի կենտրոնական հատվածում տեղակայված Ֆրանս-գերմանական մշակութային կենտրոնում անցկացվել է Հայաստանը՝ որպես նոր և գրավիչ զբոսաշրջային ուղղություն ներկայացնող միջոցառում, որը կազմակերպվել էր Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Բոլիվիայում ՀՀ պատվավոր հյուպատոսության համատեղ նախաձեռնությամբ։ Միջոցառման շրջանակում ելույթներով հանդես են եկել համատեղության կարգով Բոլիվիայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը և Բոլիվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մարսելո Օրտուստե Գոնսալեսը։ Դեսպան Գևորգյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, վերջին տարիներին ոլորտում արձանագրված առաջընթացը և միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման գործում գրանցված հաջողությունները։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել են Հայաստանի զբոսաշրջային ներուժը ներկայացնող տեսահոլովակներ, ինչպես նաև կազմակերպվել է լուսանկարչական ցուցահանդես։ Միջոցառմանը ներկա են գտնվել Բոլիվիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի անդամներ, խորհրդարանականներ, նահանգային և քաղաքային իշխանությունների, զբոսաշրջության ոլորտի, ակադեմիական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, տեղի հայ համայնքի անդամներ։ Միջոցառման ավարտին տեղի է ունեցել ընդունելություն:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9740

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով