Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ

Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման նպատակով ստեղծված Խաղաղության խորհուրդն ակնկալում է, որ առաջիկա ամիսներին կներդրվի պաղեստինյան անկլավի նոր կառավարման համակարգ։ Այս մասին նշված է Խաղաղության խորհրդի X հարթակի էջում գրառման մեջ։ «Շատ կարևոր զարգացում Գազայում խաղաղություն, բարգավաճում և զարգացում ապահովելու գործընթացում: Միջազգային կայունացման ուժերը վճռորոշ դեր են խաղում Գազայում մարդասիրական օգնության և վերակառուցման ջանքերի ընդլայնման գործում։ Առաջիկա ամիսներին այս ջանքերը կշարունակվեն՝ կառավարման, անվտանգության և տնտեսական հնարավորությունների նոր մոդել ներդնելու համար», – նշված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի անվտանգության կաբինետը որոշում էր կայացրել, որով թույլատրվել էր միջազգային զորակազմի տեղակայումը Գազայի հատվածում: Խաղաղության խորհրդի Գազայի հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը հայտարարել է, որ հավանություն է տալիս այս որոշմանը՝ հույս հայտնելով, որ միջազգային զորակազմն արագ կտեղակայվի։ «Ես ողջունում եմ Իսրայելի կողմից ձեռնարկված քայլերը, որոնք հնարավորություն են տալիս Գազայում տեղակայել Միջազգային կայունացման ուժեր՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2803 բանաձևի։ Սա Գազայի կայունացման, ապառազմականացմանն աջակցելու և արդյունավետ պաղեստինյան անցումային կառավարմանն անցնելու համար համաձայնեցված շրջանակի կարևորագույն մասն է կազմում Գազայի կառավարման ազգային կոմիտեի շրջանակներում», – նշել է նա։ Մլադենովի խոսքով՝ այժմ ուշադրությունը կենտրոնացած է Գազայի համար 20 կետից բաղկացած ծրագրի, այդ թվում՝ միջնորդների կողմից ներկայացված «Ճանապարհային քարտեզի» իրականացման վրա։ Հունվարի 22-ին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում 19 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ստորագրել են Գազայի խաղաղության գործընթացի շրջանակներում ստեղծված Խաղաղության խորհրդի կանոնադրությունը: Վաշինգտոնը հայտարարել էր, որ կազմակերպությանը միացել են նաև այլ պետություններ: Խաղաղության խորհուրդը ստեղծվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի կառավարման վերաբերյալ համաձայնագրի հիման վրա, սակայն ենթադրվում է, որ այն նաև կզբաղվի այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելման և լուծման հարցերով: Գազայում խաղաղության գործընթացի առաջին փուլից երկրորդ փուլ անցումը, ներառյալ անկլավում իշխանության փոխանցումը հատուկ ստեղծված տեխնոկրատական ​​կոմիտեին, ներկայում բարդանում է ՀԱՄԱՍ-ի ուժերի զինաթափման խնդրի պատճառով:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9645

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով