«Գիտության շաբաթ 2026»-ի շրջանակում «Գիտուժ» նախաձեռնությունը և Արմկոնը հայտարարել են «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը։ Մրցույթի նպատակն է խրախուսել գիտության և գրականության հատման կետում ստեղծագործական մտածողությունը, բացահայտել նոր հեղինակների և ընդլայնել գիտական գաղափարների շուրջ հանրային երևակայությունը։ Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր հեղինակները։ Ներկայացվող արձակ ստեղծագործությունը պետք է հիմնված լինի գիտական գաղափարի, տեսության, վարկածի կամ հետազոտության վրա, իսկ գիտությունը պետք է լինի պատումի և սյուժեի կարևոր բաղադրիչ։ Պատմությունը պետք է նաև բովանդակային և գաղափարական կապ ունենա հայկական իրականության հետ։ Հայազգի գիտնականների հետազոտությունների, աշխատությունների, բացահայտումների կամ գիտական վարկածների հիման վրա ստեղծված աշխատանքները կստանան լրացուցիչ միավորներ։ Հեղինակները կարող են անդրադառնալ ոչ միայն բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական, այլև հասարակական գիտությունների, հայագիտության, պատմության, լեզվաբանության, մշակութաբանության և գիտելիքի այլ ոլորտների թեմաներին։ Մրցանակներ Որակական շեմը հաղթահարած լավագույն երեք աշխատանքների հեղինակները կստանան՝ ● 1-ին տեղ՝ MacBook Neo 13” և Kindle Scribe, ● 2-րդ տեղ՝ Xiaomi Redmi Note 15 Pro և Kindle Paperwhite, ● 3-րդ տեղ՝ Samsung Galaxy Tab A11 և Kindle Paperwhite։ Գնահատող հանձնաժողովը կարող է սահմանել նաև հատուկ հիշատակումներ և խրախուսական մրցանակներ։ Անվճար վարպետաց դասեր մասնակիցների համար Մինչև աշխատանքների ընդունման վերջնաժամկետը մրցույթի մասնակիցների և թեմայով հետաքրքրվողների համար կանցկացվեն անվճար նախապատրաստական վարպետաց դասեր՝ ● օգոստոսի 8-ին ՝ Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ՝ «Գիտական ֆանտաստիկա ժանրի էությունը» և «Ինչպես կառուցել գիտաֆանտաստիկ գործ» թեմաներով, ● օգոստոսի 15-ին ՝ Հրաչյա Սարիբեկյանի հետ՝ «Ֆանտաստիկ պատումի ստեղծման սկզբունքներն ու տեխնիկան» թեմայով։ Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի օգոստոսի 31-ն է։ Մրցույթի ամբողջական կանոնները, վարպետաց դասերի գրանցման հղումները, հայ գիտնականների հետազոտություններից ոգեշնչման գաղափարները և աշխատանքների ներկայացման հնարավորությունը հասանելի են պաշտոնական էջում՝ armsciweek.am/sci-fi



