5.3, 5.1 և 5 տոկոս. Համաշխարհային բանկի կանխատեսումը 2026-28 թվականներին Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ

Հայաստանում 2026 թվականին կանխատեսվում է 5.3, իսկ հաջորդ երկու տարիներին համապատասխանաբար 5.1 և 5 տոկոսի տնտեսական աճ։ Լրագրողների հետ հուլիսի 29-ի հանդիպմանն այս մասին հայտարարեց Համաշխարհային բանկի խմբի՝ «Հայաստանի տնտեսական զարկերակը . ձգտելով աղքատությունը նվազեցնող աճի՝ ավելի ներգործուն հարկաբյուջետային քաղաքականությամբ» վերտառությամբ նոր զեկույցը ներկայացրած ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը։ Նա հայտնեց, որ իրենց կանխատեսումներում հաշվի են առել տարբեր գործոններ, հանգամանքներ և ռիսկեր։ «Տնտեսական ցուցանիշների մեր կանխատեսումները հիմնված են նաև Միջին Արևելքում կոնֆլիկտի չափավոր ազդեցությամբ։ Ինչպես տեսնում ենք, մինչև հիմա այն շատ մեծ ազդեցություն չի ունեցել տնտեսական փոփոխությունների վրա, բայց կներկայացնեմ նաև ռիսկերը, որոնք կարող են ազդել մեր այս կանխատեսման վրա։ Այս տարվա համար տնտեսական աճի մեր կանխատեսումը 5․3 տոկոս է։ Առկա են ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոններ։ Ամեն անգամ նշում ենք՝ շատ դժվար է կանխատեսում կատարելը այս շատ անորոշ միջավայրում։ Հնարավոր բացասական ռիսկերից է Հայաստանի և Ռուսաստանի միջև լարվածության աճը, որը կարող է ազդել առևտրի վրա, անդրադառնալ սոցիալական հարցերին և ընդհանրապես տնտեսության վրա, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող վիճակը։ Հատկապես, եթե այդ ամենը երկար տևի և Կառավարությունը որևէ միջոցառումներ չձեռնարկի։ Իհարկե, տեղյակ ենք, որ առևտրի և արտահանման համար կան որոշ միջոցառումներ, բայց երկրորդ կիսամյակում պետք է տեսնենք՝ իրականում որքանով են իրականանում այդ խոչընդոտները և որքանով է հնարավոր կանխարգելել դրանք։ Բացասական ազդեցությամբ ռիսկերից են նաև Մերձավոր Արևելքում հակամարտության երկրորդական հետևանքները՝ այս իրավիճակի շատ երկար պահպանվելու դեպքում։ Առայժմ, ինչպես ասեցի, շատ մեծ ազդեցություն չի ունեցել, բայց դա կարող է փոխվել, եթե առևտրային ճանապարհները խաթարվեն և ուրիշ խնդիրներ առաջանան։ Հնարավոր բացասական ռիսկ կարող է համարվել նաև ներքին քաղաքական լարվածությունը»,- նշեց Արմինե Մանուկյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստող հնարավոր դրական գործոններից են հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանում ավելի խորը փոխկապակցվածությունը և ԱՄՆ ու ԵՄ կողմից ռազմավարական նոր ներդրումների հանձնառությունները, որոնք կարող են ստեղծել ավելի լավ ներդրումային միջավայր, նպաստել ներդրումների ներգրավմանը, ավելի կայուն տնտեսության ստեղծմանը, հետևաբար՝ ազդել տնտեսական աճի վերաբերյալ իրենց կանխատեսումներին՝ հատկապես միջնաժամկետում։ «Նաև աշխատաշուկայի համար կան մի քանի համակարգային և երկարատև ռիսկեր. դրանք են բնակչության ծերացումը, թվայնացման հետ կապված տեղաշարժերը աշխատաշուկայում և կանաչ անցումը։ Վերջին երկուսը պահանջում են հատուկ հմտություններ, որոնց այսօրվա մեր աշխատուժի շուկան կարող է պատրաստ չլինել։ Հետևաբար, պետք է պատրաստվել նաև այդ ռիսկը հետագայում կանխարգելելուն»,- հայտնեց տնտեսագետը։ Նշվեց, որ Համաշխարհային բանկը տարվա ընթացքում երկու անգամ է ներկայացնում նման կանխատեսումներ՝ ապրիլին և հոկտեմբերին։ Հաշվի են առնվել նաև վերջին զարգացումները։ Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ 2027 և 2028 թվականներին Հայաստանը համապատասխանաբար 5.1 և 5 տոկոս տնտեսական աճ գրանցելու ներուժ ունի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9573

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով