Porsche-ը ճգնաժամի պատճառով կկրճատի ևս 5000 աշխատատեղ

Գերմանական սպորտային ավտոմեքենաներ արտադրող Porsche ընկերությունը հայտարարել է աշխատակիցների թվի նոր կրճատման մասին։ Առաջիկա տարիներին ընկերությունը նախատեսում է վերացնել ևս մոտ 5000 աշխատատեղ։ Ավելի վաղ արդեն որոշում էր կայացվել կրճատել 3900 աշխատակցի, իսկ դուստր կառույցներում կվերանան ևս մոտ 500 հաստիք։ Միևնույն ժամանակ, Porsche-ը մինչև 2035 թվականի վերջը կերկարաձգի Ցուֆենհաուզենի գլխավոր գործարանի և Վայսախի հետազոտական կենտրոնի աշխատակիցների զբաղվածության երաշխիքը։ Զանգվածային աշխատանքից ազատումներ չեն նախատեսվում․ ընկերությունը մտադիր է կրճատել աշխատակիցների թիվը թափուր տեղերը չլրացնելու, վաղաժամ թոշակի անցնելու և կամավոր համաձայնագրերի միջոցով։ Աշխատատեղերի պահպանման դիմաց աշխատակիցները ստիպված կլինեն որոշ զիջումների գնալ։ Մինչև 2035 թվականը աշխատավարձերի բարձրացման մի մասը կսառեցվի, Սուրբ Ծննդյան վճարումները կկրճատվեն, իսկ բոնուսներն ավելի մեծ չափով կկապվեն ընկերության արդյունքների հետ։ Բացի այդ, տնից աշխատելու հնարավորությունը կնվազի՝ ամսական 12 օրից դառնալով առավելագույնը 8 օր։ Խնայողությունների նոր փուլի պատճառներն են Չինաստանում վաճառքների անկումը, ԱՄՆ-ի մաքսատուրքերը և մոդելային շարքի թարմացման բարձր ծախսերը։ Եթե երեք տարի առաջ Porsche-ն տարեկան վաճառում էր մոտ 320 հազար ավտոմեքենա, ապա 2026 թվականին ընկերությունը ակնկալում է վաճառել մոտ 250 հազար մեքենա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9720

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով