Վայոց ձորի մարզի երկու համայնքում հողատարածքներ են ապօրինի օտարվել. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, համայնքի քաղաքային մարզահամալիրի` 0.466 հա մակերեսով, 3.300.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը և 980,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով մարզահամալիրի կիսակառույց շենքն օտարել է ՍՊ ընկերությանը: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը ՍՊ ընկերությանը 0,466 հա մակերեսով հողամասը առուվաճառքի պայմանագրով օտարել է նշված ընկերությանն այն պայմաններում, երբ աճուրդ-վաճառքը կայացած է եղել վերը նշված քաղաքային մարզահամալիրի կիսակառույց շենքի վերաբերյալ, որի հիման վրա ընկերության տնօրենն իր համար ակնհայտ կեղծ պայմանագիրը ներկայացրել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղեգնաձորի տարածքային ստորաբաժանում, և դրանց նկատմամբ գրանցվել է ընկերության սեփականության իրավունքը: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Շատին համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը՝ որպես աճուրդի կազմակերպիչ և աճուրդավար, նույն ՍՊ ընկերության տնօրենի և վերջինիս կնոջ օժանդակությամբ համայնքի՝ 0.15 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողն օրենքով նախատեսված պահանջների խախտմամբ ապօրինի օտարել է նշված ընկերությանը: Արդյունքում՝ կողմերի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որպիսի դիտավորյալ գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել Շատին համայնքի օրինական շահերին: ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9812

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով