Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները՝ Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը և Ռումինիան արդեն իսկ առնվազն 3,1 միլիարդ եվրոյի վնաս են կրել։ Այդ մասին տեղեկացնում է Financial Times պարբերականը։ Այդ ցուցանիշը զգալիորեն գերազանցում է Եվրոպական հանձնաժողովի տվյալները, ըստ որոնց՝ ամբողջ ԵՄ-ում հրդեհների և շոգի ալիքների պատճառած վնասի միջին տարեկան արժեքը կազմում է 2,5 միլիարդ եվրո։ Ընդ որում՝ ցուցանիշներն արտացոլում են այրված տարածքները նախկին վիճակի վերադարձնելու ծախսերը՝ հնարավորություն տալով գնահատել դրանց տնտեսական արժեքը։ Մեկ հեկտարի հաշվով միջին ծախսերը (ներառյալ նոր ծառերի տնկումն ու խնամքը) տարբերվում են՝ կախված երկրից, բուսականության տեսակից և անտառի տարիքից։ Financial Times-ի հաղորդմամբ՝ անտառային հրդեհների սեզոնի առաջին երկու ամսվա ընթացքում եվրոպական ընդամենը հինգ երկրում այրվել է մոտ կես միլիոն հեկտար տարածք։ Այնուամենայնիվ, վնասի ընդհանուր չափը վերջնական արդյունքում շատ ավելի մեծ կլինի, քանի որ ապահովագրական ընկերությունները, տնային տնտեսություններն ու բիզնեսները դեռևս հաշվարկում են գույքի վնասման և բերքի ոչնչացման, ինչպես նաև ամառային սեզոնի թեժ շրջանում զբոսաշրջության ոլորտում կրած կորուստները։ Բացի այդ, հաշվարկները լիարժեքորեն չեն ներառում Հունաստանում վերջերս տեղի ունեցած հրդեհների պատճառած վնասը և չեն ներառում ԵՄ այլ երկրների տվյալները։



