Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) քննարկում է եվրոպական ակումբների կողմից աշխարհի առաջնության բոյկոտի հնարավորությունը։ Այդպիսի քայլ կարող է իրականացվել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջաննի Ինֆանտինոյի գործունեության շուրջ ստեղծված սկանդալի պատճառով։ Անցած շաբաթ տեղեկություն էր տարածվել, որ ՖԻՖԱ-ն մտադիր է ստեղծել FIFA Forward Enterprise (FFE) առևտրային կառույցը՝ մրցաշարերի անցկացման իրավունքների իրացման համար։ Սակայն ֆուտբոլային կոնֆեդերացիաների քննադատության ճնշման ներքո և ՈւԵՖԱ-ի անդամ երկրների կողմից աշխարհի առաջնության հնարավոր բոյկոտի սպառնալիքի ֆոնին Ինֆանտինոն հրաժարվել էր այդ նախաձեռնությունից։ Աղբյուրի տվյալներով՝ ստեղծված իրավիճակը քննարկելու են ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը և Եվրոպական ակումբների ասոցիացիայի (EFC) ղեկավար Նասեր Ալ-Խելաիֆին։ Բանակցությունները նախատեսվում է անցկացնել օգոստոսի 12-ին՝ Եվրոպայի Սուպերգավաթի՝ Պարի Սեն-Ժերմենի և Ասթոն Վիլաjի միջև հանդիպման ժամանակ։ Չեֆերինը կողմ է այն գաղափարին, որ EFC-ն և դրա կազմում ընդգրկված ակումբները հրաժարվեն մասնակցել 2029 թվականի ակումբների աշխարհի առաջնությանը, եթե Ջաննի Ինֆանտինոն շարունակի ղեկավարել ՖԻՖԱ-ն։



