Ղազախստանի նախագահը Հայաստանի վարչապետին «Չոլպան Աթայի ճակատամարտից» առաջ աջակցություն է հայտնել

Օգոստոսի 4 -ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը հեռախոսազրույցի ձևաչափով շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ և նրան «պետական գործունեության ասպարեզում հաջողություններ մաղթել՝ ի շահ հայ ժողովրդի»։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի գրասենյակը, փոխանցել է tengrinews-ը։ Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար, Հայաստանի վարչապետը Ղազախստանի նախագահին և ժողովրդին մաղթել է «հաջող անցկացնել Կուրուլթայի ընտրությունները»։ Զրուցակիցները ընդգծել են հայ-ղազախստանյան հարաբերությունների «դինամիկ զարգացումը, վերահաստատել երկու երկրների բազմակողմ համագործակցությունը խորացնելու մտադրությունը»։ Կողմերը քննարկել են անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանի «կառավարության ղեկավարի Աստանա այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հատուկ ուշադրություն է դարձվել առևտրա-տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկայի և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնմանը»։ Ղազախստանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունը, այսպիսով, ինչպես ասում են՝ բացառապես երկկողմ հարաբերությունների, դրանց զարգացման և տարբեր ոլորտներում ընդլայնման մասին է։ Ոչ մի խոսք չկա ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական, կոմունիկացիոն, լոգիստիկ ինտեգրացիայի կամ ՀԱՊԿ-ում «միասնական անվտանգային համակարգի մասնակցության» մասին։ Ընդ որում, Ղազախստանի նախագահը Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույց է ունեցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից երկու օր առաջ։ Այդ նիստը օգոստոսի 6-7-ին կգումարվի Ղրղըզստանի Չոլպան Աթա քաղաքում, որտեղ հուլիսի 31- ին կայացել է Կենտրոնական Ասիա+ Ադրբեջան Խորհրդատվական խորհրդի ոչ պաշտոնական նիստը։ Մասնակիցները ընդունել են «Չոլպան Աթայի հռչակագիրը», որով ազդարարվել է «աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նոր տարածաշրջանի» ստեղծման առաջնահերթությունը։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի վրա, այդպիսով, զգացվելու է Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս «սիներգիայի շունչը»։ ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը թեև կազմակերպության բարձրագույն մարմինը չէ, բայց ունի ԵԱՏՄ պայմանագրի և Բարձրագույն տնտեսական խորհրդի որոշումների կատարման հսկողության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու, տնտեսական ինտեգրացիայի ընթացիկ խնդիրները լուծելու բացառիկ լիազորություն։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ այդ նիստին «բարձրացնելու է Հայաստանի օրակարգի բոլոր խնդիրները»։ Այս իմաստով Ղազախստանի նախագահի շնորհավորական հեռախոսազանգը, նույնիսկ անկախ բովանդակությունից, Հայաստանի վարչապետին քաղաքական աջակցություն է և հստակ ազդակ, որ պաշտոնական Աստանան Հայաստանի հետ առկա և ապագա պայմնավորվածությունները Մոսկվայով չի միջնորդավորում։ Ղազախստանը Կենտրոնական Ասիայի ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական առաջատարն է, և նրա դիրքորոշումը մյուս երկրների համար սկզբունքային նշանակություն ունի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9980

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով