Կարո՞ղ է «Նոան» նոր եվրոպական սենսացիա ստեղծել․ այսօր մրցակիցը «Սիոնն» է

Հայաստանի գավաթակիր Երևանի «Նոան» օգոստոսի 6-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Աբովյանի քաղաքային մարզադաշտում կընդունի շվեյցարական «Սիոնին»։ Երևանի ժամանակով 20:00-ին մեկնարկող հանդիպումը հայկական ակումբի համար կարող է դառնալ եվրագավաթային հերթական կարևոր քայլը։ «Նոան» վերջին տարիներին դարձել է հայկական ֆուտբոլի ամենաարագ զարգացող ակումբներից մեկը։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը վաղուց հաղթահարել է եվրոպական մրցաշարերում նորեկի կարգավիճակը՝ դառնալով առաջին հայկական ակումբը, որը հասել է եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ, իսկ նախորդ մրցաշրջանում նաև դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ։ Այս մրցաշրջանում ևս ակումբը նպատակ ունի շարունակել հաջող ընթացքը։ Հայաստանի Պրեմիեր լիգայում «Նոան» զբաղեցնում է երկրորդ տեղը և խաղին մոտենում է գերազանց մարզավիճակում։ Վերջին վեց պաշտոնական հանդիպումներում թիմը տարել է չորս հաղթանակ, խփել 19 գոլ և բաց է թողել ընդամենը հինգը։ Թիմի վերջին հանդիպումը նույնպես վստահություն է ներշնչում. ընդամենը երեք օր առաջ «Նոան» 3:0 հաշվով առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ։ Գոլերի հեղինակներ դարձան Կալիֆալա Դումբիան, Մարկո Լազետիչը և Ալբերտ Գարեգինյանը։ Թիմը շարունակում է ցուցադրել արդյունավետ հարձակողական ֆուտբոլ և բավական վստահ է գործում նաև պաշտպանությունում։ Սակայն մրցակիցը շատ ավելի լուրջ փորձություն է լինելու։ Շվեյցարական «Սիոնը» նույնպես գտնվում է հիանալի մարզավիճակում։ Շվեյցարիայի Սուպերլիգայում թիմը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը և վերջին վեց խաղերում տարել է չորս հաղթանակ՝ խփելով 17 և բաց թողնելով ընդամենը վեց գոլ։ «Սիոնը» վերջին տուրում 3:0 հաշվով վստահ հաղթեց «Լյուցեռնին»։ Հանդիպման հաշիվը դեռ իններորդ րոպեին բացեց Դոնատ Ռրուդհանին, իսկ երկրորդ խաղակեսում Թեո Բերդայեսն ու Ջոշիաս Լուկեմբիլան ամրապնդեցին առավելությունը։ Ավելի վաղ շվեյցարական թիմը նաև 4:0 հաշվով հաղթել էր ԲԱՏԷ-ին, իսկ այդ հաջողությունների միջև միայն մեկ պարտություն էր կրել՝ 2:4 հաշվով զիջելով «Յանգ Բոյզին»։ Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը ընդգծեց, որ «Սիոնը» շատ ուժեղ մրցակից է, սակայն իր թիմը նույնպես գիտակցում է սեփական հնարավորությունները։ «Սիոնը» մեծ ներուժ ունեցող թիմ է, որը խաղում է բարձր ինտենսիվությամբ։ Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում մրցակցին, բայց հարգում ենք նաև ինքներս մեզ։ Շվեյցարական և հայկական առաջնությունները բոլորովին տարբեր են»,- նշեց մասնագետը։ Պերկովիչի խոսքով՝ թիմի բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են հանդիպմանը, իսկ մարզչական շտաբը մանրակրկիտ ուսումնասիրել է մրցակցին և խաղացողներին ներկայացրել է բոլոր կարևոր նրբությունները։ «Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում։ Նրանք ուժեղ ակումբ են բոլոր առումներով։ Թիմի ներկայիս կորիզը միասին խաղում է արդեն երեք-չորս տարի, իսկ գլխավոր մարզիչը երկար ժամանակ է աշխատում ակումբում։ Սա շատ կազմակերպված թիմ է»,- ասաց նա։ Մարզիչը նաև ընդգծեց, որ նախորդ մրցաշրջանի եվրոպական հաջողությունները թիմի վրա լրացուցիչ ճնշում չեն ստեղծում, թեև խոստովանեց, որ կցանկանար առաջին հանդիպումն անցկացնել արտագնա խաղում, իսկ պատասխան հանդիպումը՝ սեփական հարկի տակ։ Իր հերթին «Նոայի» կիսապաշտպան Գոռ Մանվելյանը վստահեցրեց, որ թիմը գիտակցում է առաջադրանքի բարդությունը, սակայն հավատում է սեփական ուժերին։ «Գիտենք, որ «Սիոնը» ուժեղ մրցակից է, բայց գիտենք նաև, որ կարող ենք հաղթել ցանկացած թիմի։ Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում։ Թիմին միացած նոր ֆուտբոլիստները բարձր մակարդակի են, և նրանց հետ խաղալը հաճելի է։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաղթահարենք այս փուլը»,- ասաց Մանվելյանը։ Ֆուտբոլիստը նաև նշեց, որ իրեն լավ մարզավիճակում է զգում և զգում է գլխավոր մարզչի վստահությունը, ինչը լրացուցիչ մոտիվացիա է տալիս։ Առաջիկա հանդիպումը կարող է դառնալ այս մրցափուլի ամենահետաքրքիր դիմակայություններից մեկը։ Մի կողմից՝ եվրոպական մրցաշարերում արդեն փորձ ձեռք բերած և վստահ խաղ ցուցադրող «Նոան», մյուս կողմից՝ բարձրակարգ կազմ ունեցող և հիանալի մարզավիճակում գտնվող շվեյցարական «Սիոնը»։ Եթե հայկական ակումբին հաջողվի սեփական հարկի տակ դրական արդյունք գրանցել, պատասխան խաղից առաջ այն կարող է իրական հնարավորություն ստանալ պայքարը շարունակելու Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգրի համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10119

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով