Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է

ՆԳ նախարարությունն իրազեկել է՝ ինչ անել երկրաշարժի ժամանակ: Երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք բարձրահարկ շենքի նկուղային, 1-ին և 2-րդ հարկերում՝ վերցրեք նախապես պատրաստած առաջին անհրաժեշտության իրերով պայուսակը և աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից, հեռացեք դեպի բաց տարածություն, 3-րդ և ավելի բարձր հարկերում գտնվելու դեպքում շենքից դուրս մի՛ եկեք, աստիճանները կարող են խցանված լինել։ Եթե չեք կարող լքել շինությունը, վերցրեք առաջին անհրաժեշտության իրերով պայուսակը և ընդունեք կքանստած դիրք շենքի ներքին կրող հիմնական պատերի‚ դրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում առկա դռան բացվածքների ներքո՝ գլխավերևում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ առարկա։ Նաև կարելի է մտնել հիմնական կրող պատին մոտ գտնվող սեղանի տակ: Եթե անվասայլակով եք, ապա մոտեցրեք ներքին հիմնական կրող պատին, կողպեք անիվներ, որպեսզի անվասայլակն անշարժանա, գլխավերևում ամուր առարկա պահեք ծեփակտորներից պաշտպանվելու նպատակով։ Հեռու մնացեք պատուհաններից և շենքի արտաքին պատերից, դրանք փլվում են առաջին հերթին։ Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել կամ շրջվել: Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով: Մի՛ օգտվեք վերելակից: Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում՝ հեռացեք շենքից‚ կամուրջներից և էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ տարածություն: Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը և շարժվեք ճանապարհի աջ կողմով։ Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚ բարձրահարկերից և էլեկտրասյուներից հեռու։ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք մետրոյում՝ ցնցման ժամանակ ամուր բռնվեք, երկաթե ձողերից: Հնարավոր է, որ հոսանքն անջատվի‚ գնացքը ժամանակավորապես կանգնի‚ ինքնաբերաբար միանան վթարային լամպերը: Հետևեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին: Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից ոչ մի դեպքում մի օգտվեք էլեկտրականությունից‚ մի օգտագործեք լուցկի կամ գազայրիչ, քանի որ գազատարը կարող է վնասված լինել։ Վերցրեք առաջին անհրաժեշտության իրերով նախապես պատրաստված պայուսակը և գործեք նախորդ կետերում նշված կանոնների համաձայն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10152

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով