ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ համայնքներին նվիրաբերել է մինի տրակտորներ

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ համայնքներին նվիրաբերել է մինի տրակտորներ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը և Կորեայի միջազգային համագործակցության գործակալությունը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ ունեցած համագործակցության շրջանակներում մարզի համայնքներում իրականացնում են «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» (ԽՀԿՏԿԽ) ծրագիրը, որը միտված է ընդլայնելու տեղական տնտեսությունների ենթակառուցվածքները, ինչպես նաև կազմակերպելու կենսապահովումը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ կայուն լուծումներով։ Ծրագիրն ուղղված է տեղահանված և մարզի համայնքներում վերաբնակություն հաստատած տնտեսությունների և խոցելի խմբերի ինտեգրմանը՝ նպաստելով ընտանիքների և տեղական տնտեսությունների բարեկեցության ապահովմանը։ Ծրագրի շրջանակներում օրերս Գեղարքունիքի մարզի Մարտունի և Ճամբարակ համայնքներին նվիրաբերվել է 75 ձիաուժ հզորության «TAVOL 754» մակնիշի 1-ական մինի տրակտոր՝ տարբեր գործողությունների համար նախատեսված կցորդիչներով։ Նախորդ տարի նման տեխնիկա նվիրաբերվել է նաև Վարդենիս համայնքին։ «Համայնքներում նշված տեխնիկաների շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել գյուղատնտեսական, բնապահպանական բնույթի աշխատանքներ, որոնք կնպաստեն շրջապատի սանիտարական վիճակի բարելավմանը»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10254

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով