Սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «ՆՆ հոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Ինչպես տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, Երևանի Շերամի 13/3 հասցեում գտնվող արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։ Մասնավորապես, պարզվել է, որ արտադրական շինության դասավորվածությունը չի բացառել կեղտի կուտակման և սննդամթերքի մեջ օտար մասնիկների հայտնվելու վտանգը, ինչպես նաև չի ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և պատրաստի արտադրանքի պահպանման պատշաճ պայմանները։ Բացի այդ, արտադրամասի շենքում և ջեռոցի վերևի հատվածում օդափոխության համակարգը գտնվել է կեղտոտ և բաց վիճակում, ինչը մեծացրել է սննդամթերքի աղտոտման վտանգը։ Արձանագրվել է նաև, որ արտադրամասի պատերի մի շարք հատվածներ վնասված են եղել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ու ախտահանվող նյութերից, իսկ առաստաղի մի մասը չի ապահովել կեղտի կուտակման և մասնիկների թափվելու կանխարգելումը։ Տեսչական մարմինը նաև արձանագրել է, որ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների աշխատանքային մակերևույթները վնասված են եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։ Միաժամանակ, սննդամթերքի հետ անմիջապես շփվող բեռնարկղերը չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին և չեն պահվել նորոգ վիճակում։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Հայտնաբերված խախտումները վերացնելու համար ընկերությանը սահմանվել է համապատասխան ժամկետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10254

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով