Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան դատապարտել են Ռուսաստանի շարունակվող ռազմական ներկայությունն Աբխազիայում և Հարավային Օսիայում՝ Մոսկվային կոչ անելով ամբողջությամբ կատարել 2008 թվականին ստանձնած պարտավորությունները։ Այս մասին նշվում է չորս երկրների կառավարության համատեղ հայտարարությունում։ «Մենք վերահաստատում ենք Ռուսաստանի շարունակվող ռազմական ներկայության դատապարտումն Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված անջատողական շրջաններում, ինչը խախտում է միջազգային իրավունքը, ինչպես նաև 2008 թվականի օգոստոսի 12-ի վեց կետից բաղկացած համաձայնագրով Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները»,- ասվում է հայտարարությունում։ Չորս երկրները Ռուսաստանին կոչ են արել ամբողջությամբ կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ին և սեպտեմբերի 8-ին ստանձնած պարտավորությունները։ Հայտարարության մեջ նաև վերահաստատվում է աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Նրանց գնահատմամբ՝ Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների շարունակվող ռազմականացումը լուրջ սպառնալիք է Վրաստանի անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային և եվրոպական կայունության համար։



