Երբ բարդ խնդիրների մասին խոսում են թեթևամտորեն, պետք է զգաստանալ

Անդրադառնալով հայ-ադրբեջանական վաշինգտոնյան համաձայնությունների տարեդարձին, Բաքվի իշխանական minval politika-ն Ադրբեջանը համեմատել է Քեմպ-Դևիդից հետո Եգիպտոսի հետ, որ «դարձել է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը»։ Ադրբեջանական լրատվամիջոցը արձանագրել է տարածաշրջանում Ռուսաստանի «ազդեցության թուլացումը», որ «սկսվել է 2022 թվականից սկսած»։ Ի՞նչ է պետք, որպեսզի Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին պայմանագիրը վերջնականապես ստորագրվի։ Այս հարցին տրվել է հայտնի պատասխան՝ «Հայաստանի սահմանադրությունից պետք է բացառվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ նույնիսկ ակնարկ պարունակող դրույթները»։ Վաշինգտոնում անցյալ տարի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները ձեռք են բերվել աշխարհաքաղաքական բոլորովին այլ իրավիճակում, քան այսօր է։ Անցյալ տարի Իսրայելը տասներկու օր անընդմեջ ռմբակոծել և հրթիռահարել է Իրանի ռազմական թիրախները, այդ թվում՝ միջուկային օբյեկտները, և ԱՄՆ նախագահ Թրամփը վստահաբար ասել է, որ Իրանի «միջուկային ծրագիրը ոչնչացված» է։ Այսօր ԱՄՆ-ը և Իրանը, չնայած Իսլամական հանրապետության դեմ ամիսներ տեւած «խորտակիչ հարվածներին», նույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության հարցում համաձայնության չեն հասնում, իսկ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ առհասարակ չկան, և միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնները համարում են, որ Թեհրանը «առնվազն տասը ատոմային ռումբի համար հարստացված ուրանի պաշարներ ունի»։ Բոլորովին այլ իրավիճակ է նաեւ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում։ Եթե անցյալ տարի Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին հյուրընկալելուց մեկ շաբաթ հետո Դոնալդ Թրամփը ուկրաինական պատերազմը դադարեցնելու վճռականությամբ Անքորիջ էր մեկնել՝ Վլադիմիր Պուտինի հետ գագաթաժողովի, այսօր ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջներ» սահմանող օրինագիծ է քվեարկել։ Հավելենք, որ մեկ տարում սկզբունքային առաջընթաց չի գրանցվել նաև հայ-թուրքական գործընթացում, և զուգահեռաբար բարդացել են ռուս-հայկական հարաբերությունները։ Ճիշտ է, Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունները երկկողմ են, բայց դա միայն գործընթացի ֆորմալ կողմն է։ Գործնականում շատ բան կածված է աշխարհաքաղաքական իրավիճակից, Հարավային Կովկասում ուժային կենտրոնների շահերից, դրանց համադրումից կամ հակադրումից։ Իսկ ադրբեջանական լրատվամիջոցի գծած «պայծառ պատկերը», երևի, պետք է գնահատել հակառակ տրամանությամբ, երբ բարդ խնդիրների մասին խոսում են ակնհայտ թեթևամտությամբ, պետք է լրջորեն զգաստանալ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10411

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով