Միացյալ Նահանգները կշարունակի անել հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու Ուկրաինայի շուրջ բանակցություններին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության մշտական ներկայացուցչի տեղակալ Դան Նեգրեան։ «Միացյալ Նահանգները կշարունակի անել հնարավոր ամեն ինչ՝ վերամիավորելու պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքները և աջակցելու բանակցություններին ու վստահության ամրապնդման այն միջոցառումներին, որոնք անհրաժեշտ են կայուն խաղաղության հասնելու համար», – ասել է Նեգրեան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան ակնկալում է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակություն, երբ ավարտվի Իրանին առնչվող գործընթացի թեժ փուլը։ Ռուսաստանի ղեկավարը հավելել էր, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները և քննարկել 2025 թվականի օգոստոսին Անքորիջում բարձրացված բոլոր թեմաները։



