Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հարավում գտնվող Նաբատիե քաղաքում իսրայելական ուժերի կողմից օգոստոսի 11-ին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացի։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Տեղի է ունեցել կրկնակի հարձակում, երկրորդ հարձակման ժամանակ թիրախավորվել է վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը, որի հետևանքով վնասվել է շտապօգնության մեքենան։ Նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից շտապօգնության խմբերի շարունակական թիրախավորումը, որը միջազգային մարդասիրական իրավունքի և բոլոր միջազգային նորմերի անընդունելի խախտում է։ Նաև տեղեկություններ են հաղորդվում, որ մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանների վրայով անօդաչու թռչող սարքեր են թռչում։



