ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Real America’s Voice լրատվամիջոցի հետ հարցազրույցում կրկին պաշտպանել է իր ռազմավարությունը Իրանի հետ շարունակվող պատերազմում և պնդել, որ Թեհրանի տնտեսական վիճակը ծայրահեղ վատ է։ ԱՄՆ նախագահը խոսել է Իրանի վրա ճնշում գործադրելու համար տնտեսական միջոցներ ձեռնարկելու մասին։ «Պարզապես հետևեք և տեսեք, թե որքան վատ վիճակում են նրանք, քանի որ նրանք ունեն 300% գնաճ…. Նրանց արժույթը գրեթե արժեք չունի։ Նրանք չեն վճարում իրենց զինվորներին։ Նրանց զինվորները հեռանում են», – պնդել է Թրամփը։ «Այնպես որ, մենք պարզապես կշարունակենք այսպես, քանի որ նրանք անկենսունակ են, – ասել է ԱՄՆ նախագահը։ – Այսպիսով, տնտեսապես նրանք խառնաշփոթի մեջ են։ Նրանք չեն կարող գումար վերցնել պարտքով։ Այն գումարը, որ նրանք ունեին՝ մեծ գումար, մենք ենք վերահսկում։ Նրանք մեծ գումար ունեին, բայց մենք լիովին վերահսկում ենք այն։ Ես նրանց բանկիրն եմ»։ Միևնույն ժամանակ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն կարող է «իսկապես շատ ուժեղ հարված հասցնել նրանց»։ Թրամփը նաև կրկին հերքել է այն լուրերը, որ ԱՄՆ-ն հրթիռների պակաս ունի: Նրա խոսքով՝ ամեն ինչ լավ է, իսկ զինամթերք մեծ ծավալով արտադրվում է։ Այդուհանդերձ, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության փաթեթները կարող են պատճառ լինել, որ զինամթերքի պաշարները ցածր համարվեն։ ԱՄՆ նախագահը մերժել է պատերազմի հետ կապված գնաճի վերաբերյալ մտահոգությունները՝ պնդելով, որ նավթի գինը և գնաճը կնվազեն, «հենց այն ավարտվի»։ Թրամփը նաև պնդել է, որ եթե փետրվարին պատերազմը չսկսվեր, ապա Թեհրանն այժմ կարող էր միջուկային զենք ունենալ: Իրանցի պաշտոնյաները բազմիցս հերքել են, որ միջուկային զենք ստեղծելու որևէ մտադրություն ունեն։



