Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների միջև սահմանային անվտանգության ամրապնդման, անօրինական միգրացիայի և թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի հարցերը։ Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Աղրըի նահանգապետ Օնդեր Բոզքուրթի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը՝ նվիրված սահմանային անվտանգությանը։ Թուրքական պատվիրակությունը գլխավորել է Բոզքուրթը, իսկ իրանականը՝ Մակուի շրջանի սահմանապահ ուժերի հրամանատար, գնդապետ Մեհդի Հաբիբզադեն։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման, միգրանտների կողմից սահմանի ապօրինի հատումները կանխելու և թմրամիջոցների մաքսանենգության դեմ արդյունավետ պայքարի միջոցները։ Անդրադարձ է կատարվել նաև մաքսային ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել սահմանային անվտանգության ոլորտում Թուրքիայի և Իրանի միջև համագործակցության հետագա զարգացման շուրջ։



