Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Կոլումբիայի որոշումը՝ ճանաչելու Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, որոնք Անկարան համարում է Սիրիայի օկուպացված տարածք։ Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Անկարան վճռականորեն դատապարտում է Կոլումբիայի հայտարարությունը, որը, ըստ թուրքական կողմի, ուղղված է Գոլանի բարձունքների իսրայելական օկուպացիայի օրինականացմանը։ Թուրքիայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ նման քայլերը հակասում են միջազգային իրավունքին, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 497 բանաձևին և իրավական ուժ չունեն։ Անկարան միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու Գոլանի բարձունքների և Սիրիայի հարավային տարածքների իսրայելական օկուպացիային, ինչպես նաև Սիրիայի ինքնիշխանությանն ու կայունությանը սպառնացող գործողություններին։ «Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանմանը, ինչպես նաև երկրում կայուն խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասված է հայտարարության մեջ։ Օգոստոսի 10-ին Կոլումբիայի կառավարությունը հայտարարել էր Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին։



