Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Հաղարծին» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը։ Տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արման Հովհաննիսյանին պատկանող արտադրամասում, որը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում։ Ինչպես տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրամասի նախագծումը, կառուցվածքն ու դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, ինչպես նաև աղտոտված և մաքուր գույքի խաչաձև հոսքերը։ Բացի այդ, արտադրամասի պահեստային հատվածի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։ Պատերի մակերևույթը եղել է քարից՝ առանց համապատասխան երեսապատման։ Հայտնաբերված խախտումների հիմքով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Արտադրության կասեցումը կգործի մինչև արձանագրված խախտումների ամբողջական վերացումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10724

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով