Meta-ն հայտնել է Ավստրալիայում դեռահասներին պատկանող ավելի քան 750,000 օգտահաշիվ հեռացնելու մասին

Facebook-ի և Instagram-ի սեփականատեր Meta ընկերությունն օգոստոսի 13-ին հայտնել է, որ Ավստրալիայում 750,000-ից ավելի հաշիվ է հեռացրել, որոնք, ըստ ընկերության, կարող էին պատկանել 16 տարեկանից ցածր օգտատերերի։ Հաշիվների հեռացումը սկսվել է դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին երկրում դեռահասների համար սոցիալական ցանցերից օգտվելու՝ աշխարհում առաջին արգելքի ուժի մեջ մտնելուց հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ընկերության տվյալներով՝ դեկտեմբերին արգելքի ուժի մեջ մտնելուց մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում ապաակտիվացվել է 462,000 կասկածելի Instagram-ի և 294,000 կասկածելի Facebook-ի օգտահաշիվ։ Սոցիալական ցանցերի՝ աշխարհի խոշորագույն ընկերությունը հայտարարել է, որ իր նպատակն է հետևել օրենքի պահանջին։ Մինչդեռ, Ավստրալիայի ինտերնետային կարգավորող մարմինը քննարկում է տարբեր՝ այդ թվում և Meta-ի կազմում ընդգրվկած հարթակների դեմ իրավական գործընթաց սկսելու հնարավորությունը՝ պնդելով, թե դրանք բավարար քայլեր չեն ձեռնարկել երկրում ընդունված օրենքը կատարելու համար։ Ավստրալիայի կառավարության վիճակագրությունը և մի շարք անկախ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ արգելքի առաջին երեք ամիսներին 16 տարեկանից ցածր օգտատերերի ավելի քան 80%-ը շարունակում էր օգտվել սոցիալական ցանցերից։ Ավստրալիայի կառավարությունն այս կարևոր օրենքը ներկայացրել էր՝ մտահոգվելով երեխաների և դեռահասների ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա սոցիալական ցանցերի ազդեցությամբ։ Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերի 10-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11670

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով