Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը հաղորդագրություններ է փոխանակել անձի հետ, որը ներկայացել է որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլս։ Այս մասին POLITICO-ին հայտնել են չորս պաշտոնյաներ։ Նրանց փոխանցմամբ՝ Բերնհեմը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո կապ է պահպանել Ուայլսին ներկայացնող անձի հետ, սակայն որոշ ժամանակ անց կասկածներ է առաջացել, որ հաղորդակցության մյուս կողմում իրականում Սպիտակ տան պաշտոնյան չէ։ Դաունինգ սթրիթը միջադեպի վերաբերյալ հրաժարվել է մանրամասներ ներկայացնել՝ հայտարարելով. «Մենք ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ չենք տալիս»։ Հաղորդակցությանը ծանոթ աղբյուրներից մեկը նշել է, որ վարչապետի՝ Դաունինգ սթրիթ 10 մուտք գործելուց հետո փոխանակվել է «մի քանի հաղորդագրություն», սակայն դրանք, ըստ նրա, «որևէ նշանակություն չեն ունեցել»։ Միջադեպը մտահոգության տեղիք է տվել նաև Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։ Երկու պաշտոնյաների խոսքով՝ դեսպանատունը հարցը բարձրացրել է Սպիտակ տան հետ։ Միևնույն ժամանակ, բրիտանական կառավարության ներսում մտավախություն է առաջացել, որ Սյուզի Ուայլսի հեռախոսային կապի միջոցները կարող էին կրկին ենթարկվել հաքերային հարձակման։ Սպիտակ տան պաշտոնյան, սակայն, հերքել է այդ վարկածը՝ հայտարարելով, որ միջադեպը «որևէ կապ չի ունեցել աշխատակազմի ղեկավարի սարքերի կոտրման հետ»։ Սյուզի Ուայլսի անունից իրականացվող նմանակման դեպքը նոր չէ։ Անցած տարի Սպիտակ տունն ու ՀԴԲ-ն հետաքննություն էին սկսել այն բանից հետո, երբ ԱՄՆ սենատորներ, նահանգապետեր և խոշոր բիզնեսի ղեկավարներ ստացել էին հաղորդագրություններ և զանգեր անձից, որը ներկայացել էր որպես Թրամփի աշխատակազմի ղեկավար։ The Wall Street Journal-ը այն ժամանակ հայտնել էր, որ Ուայլսը գործընկերներին ասել էր՝ իր բջջային հեռախոսի կոնտակտները կոտրվել են։ Բերնհեմի հետ հաղորդակցության բովանդակությունը և հաղորդագրությունների ուղարկման հստակ ժամանակը դեռևս հայտնի չեն։ Միջադեպի վերաբերյալ տեղեկությունը բրիտանական կառավարության ներսում պահվել է խիստ գաղտնի։ Էնդի Բերնհեմը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է հուլիսի 20-ին։ Նրա՝ վարչապետ դառնալու հավանականությունը, սակայն, ակնհայտ էր դեռևս հունիսի 18-ին, երբ նա հաղթել էր Մեյքերֆիլդի միջանկյալ ընտրություններում՝ փաստացի ճանապարհ հարթելով Քիր Սթարմերին փոխարինելու համար։



