Պուտինը Ալիևի «հիշեցումներից զգուշանում» է

Գուցե Վլադմիր Վլադիմիրովիչը չհասցնի, բայց ով նրան կփոխարինի, Ադրբեջանին անպայման կհիշեցնի։ Ըստ «Новый курултай» ֆեյսբուքյան խմբի ադմին Ֆուադ Գահրամանլիի, ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին այսպես է արտահայտվել Մարգարիտա Սիմոնյանը, ինչին ադրբեջանցի բլոգերը արձագանքել է ծաղրանքով․ «Դա ինչպե՞ս հասկանանք, Սիմոնյանը Վլադիմիր Պուտինի անմահությանը չի՞ հավատում»։ Ռուս-ադրբեջանական վերջին «սրացմանը» անդրադարձել է նաեւ վրացի փորձագետ Գելա Վասաձեն ։ Հիշեցնելով ռուսաստանցի երեք լրագրողների դեմ Ադրբեջանի դատախազության հարուցած քրեական գործի նախապատմությունը, Գելաձեն վստահաբար պնդել է, որ Մոսկվան Բաքվի «արձագանքն է փորձել և ստացել կոշտ պատասխան»։ Իսկ թե բուն պատճառը ո՞րն է, վրացի փորձագետը «աշխատանքային վարկած» է ներկայացրել, ըստ որի՝ Մոսկվան այդ կերպ հակադարձել է «Մեծամորի ատոմակայանը փակելու, միասնական էներգետիկ համակարգ ստեղծելու և TRIPP-ով Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա նավթ և գազ արտահանելու մասին Հայաստանին Ալիևի արված առաջարկությանը»։ Ալիևը Մեծամորի ատոմակայանի «վաղ թե ուշ փակվելու» և Հայաստանի հետ «միասնական էներգետիկ համակարգ ստեղծելու» և TRIPP-ով նաև այլ ենթակառուցվածքներ անցկացնելու մասին խոսել է Նախիջևանից, իսկ այնտեղ է այցելել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների առաջին տարեդարձի առթիվ հայ-ամերիկա-ադրբեջանական համատեղ հայտարարությունից և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից ու նրան անձնական նամակ հղելուց հետո։ Վրացի փորձագետի «աշխատանքային վարկածի» ենթատեքստը հասկանալի է․ Վրաստանը TRIPP-ի վերաբերյալ «վերապահումներ» ունի՝ զգուշանալով, որ կկորցնի Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս-Եվրոպա տրանզիտայի ապահովման մենաշնորհը։ Ավելի կոնկրետ համատեքստում դա նաև կապված է Հայաստան-Ռուսաստան ցամաքային միակ կապի ապահովման քաղաքական նշանակության հետ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը TRIPP-ը «թշնամաբար է ընդունում»։ Խնդիր է, թե Մարգարիտա Սիմոնյանը հատկապես ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ Պուտինը գուցե չհասցնի, բայց ՌԴ հաջորդ նախագահը «Ադրբեջանին անպայման կհիշեցնի»։ Իսկ Պուտինը ինչո՞ւ Ալիևին «այստեղ և այժմ» չի հիեցնում։ Ռուսաստանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում «այլևս անելիք չկար, երբ Հայաստանը այն ճանաչեց Ադրբեջանի մաս»։ Ռուսաստանը ինչպես և ինչու է Լեռնային Ղարաբաղը Ալիևին հանձնել, հայտնի չէ։ Իսկ գուցե Պուտինը չի՞ կարող Ալիևին հիշեցնել՝ զգուշանալով նրա հիշեցումների՞ց։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11586

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով