ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է անդրազգային հանցավոր կազմակերպության՝ զանգերի կենտրոնի կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել և ներգրավել են 70-ից ավելի անդամների, ովքեր կատարել են առնվազն 3 մլրդ 518 մլն 288 հազար 500 ՀՀ դրամի հափշտակություններ: Հանցավոր կազմակերպության անդամներից ևս 1-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Քննչական կոմիտեից հիշեցնում են, որ նախաքննության շրջանակում 21 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, որոնցից 15-ով կան մեղադրական դատավճիռներ: Հանցավոր ծագում ունեցող 704 մլն ՀՀ դրամ փոխանցվել է պետական բյուջե: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



