Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը պետք է ծրագրեր մշակի ԱՄՆ-ի «անարդար պատժամիջոցները» հաղթահարելու համար։ Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր Իրանի նկատմամբ երբևէ սահմանված ամենախիստ պատժամիջոցների մասին։ Նրա խոսքով՝ սահմանափակումների մանրամասները կներկայացվեն երկուշաբթի։ Բեսենթը նաև ակնարկել էր, որ նոր միջոցառումները կարող են նվազեցնել հետագա լայնածավալ ռազմական գործողությունների անհրաժեշտությունը։ Ղալիբաֆը նշել է, որ տնտեսական զարգացումն ու անվտանգությունը սերտորեն փոխկապակցված են։Բաղդադում իրանցի և իրաքցի գործարարների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ տնտեսական և «ճանաչողական» պատերազմ վարելու մեջ։ Նրա խոսքով՝ այդ երկրները եկել են այն եզրակացության, որ չեն կարող հաղթել Իրանի և Իրաքի հետ անմիջական ռազմական բախման պայմաններում։ «Եթե նայեք մահմեդական երկրների ռեսուրսներին և հումքին, կհասկանաք, որ մեր թշնամիները գալիս են դրանք թալանելու»,— ասել է Ղալիբաֆը։ «Ուստի մենք պետք է ծրագրեր մշակենք անարդար պատժամիջոցների դեմ պայքարելու համար, որպեսզի կարողանանք հաղթահարել դրանք»,— հավելել է նա։ Ղալիբաֆը նաև կոչ է արել ամրապնդել Բաղդադի և Թեհրանի միջև տնտեսական կապերը։ Նա նշել է, որ երկու երկրները կարող են երկկողմ առևտրում օգտագործել ազգային արժույթները՝ ամերիկյան դոլարից կախվածությունը նվազեցնելու համար։



