Տիգրանաշենի ճանապարհը տալու դեպքում կապը ՀՀ հետ կկտրվի

Կառավարության 2026–2031 թվականների ծրագրում հայ-ադրբեջանական խաղաղության «ինստիտուցիոնալացման» առանցքային բաղադրիչներից է սահմանազատման և սահմանագծման գործընթացի շարունակությունը՝ 2024-ին Տավուշում սկսված գործընթացի և երկու երկրների հանձնաժողովների կանոնակարգի հիմքով։ Բայց այսօր այդ ընդհանուր ձևակերպման տակ արդեն շատ կոնկրետ և չափազանց զգայուն հարց կա՝ Տիգրանաշենը՝ նախկին Քյարքին, և Արծվաշենը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և սահմանազատման հիմքում դրվող քարտեզների տրամաբանությամբ Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին՝ ոչ, և որ անկլավների հարցը պետք է լուծվի այնպես, որ լուծումը հարմար լինի երկու երկրների քաղաքացիների համար։ Ավելի վաղ նա խոսել էր նաև երկու հնարավոր տարբերակի մասին՝ պահպանել անկլավային կարգավիճակը կամ համարժեք տարածքների փոխանակմամբ սահմանը վերաձևել։ Սակայն այստեղ քարտեզը միայն իրավական փաստաթուղթ չէ։ Տիգրանաշենը Երևան–Սյունիք–Իրան ռազմավարական ճանապարհի անմիջական միջավայրում է, իսկ ցանկացած սահմանային փոփոխություն կարող է ազդել ոչ միայն անվտանգության, այլև Արարատի մարզի բնակավայրերի հաղորդակցության, տնտեսության, առևտրի և մարդկանց առօրյայի վրա։ Մյուս կողմում Արծվաշենն է՝ Հայաստանի տարածք, որը 1992 թվականից Ադրբեջանի վերահսկողության տակ է, և որի բնակիչները ռազմական գործողությունների հետևանքով տեղահանվել են։ Ուստի հարցն այլևս միայն այն չէ, թե որ քարտեզն ինչ գիծ է ցույց տալիս, այլ՝ արդյոք հնարավոր է սահմանազատում իրականացնել այնպես, որ պատմական և իրավական լեգիտիմությունը համադրվի անվտանգության, ճանապարհների, բնակավայրերի կենսունակության և մարդկանց իրական շահերի հետ։ Եվ եթե Հայաստանը և Ադրբեջանը հայտարարում են, որ գնում են խաղաղության, ապա ինչո՞ւ հենց Տիգրանաշեն–Արծվաշեն հարցում հնարավոր չէ գտնել այնպիսի փոխադարձ լուծում, որը երկու կողմի համար նոր անվտանգության խնդիր չի ստեղծի։ Թեմայի շուրջ զրուցել ենք քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11313

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով