Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային օգոստոսի 24-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ Իրանը պաշտոնական հրավեր չի ստացել՝ միանալու Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի մասնակցությամբ տարածաշրջանային անվտանգության շուրջ համաձայնագրին։ Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։ «Մենք պաշտոնական հրավեր չենք ստացել, սակայն այդ երկրները բարձրացրել են տարածաշրջանային անվտանգության ընդհանուր խնդրի հետ կապված հարցը», – ասել է Բաղային։ Խոսնակը նշել է, որ Թեհրանը որևէ պատճառ չի տեսնում՝ կարծելու, որ երեք երկրների մասնակցությամբ պայմանավորվածությունը նախատեսված է Իրանի դեմ։ Բաղայիի խոսքով՝ քննարկումներն արտացոլում են տարածաշրջանային պետությունների շրջանում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ աճող մտահոգությունները և նրանց գնահատականը, որ Վաշինգտոնի հիմնական մտահոգությունը տարածաշրջանում Իսրայելի անօրինական շահերի պաշտպանությունն է։ Հետևաբար, ըստ խոսնակի, տարածաշրջանային երկրներն ընդունել են տարածաշրջանն իսրայելական էքսպանսիոնիզմից պաշտպանելու տեղական մեխանիզմներ մշակելու անհրաժեշտությունը։ Անկարայի, Էր Ռիադի և Իսլամաբադի միջև օգոստոսի 7-ին կնքված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը նախատեսում է ռազմական գործակցության խորացում, նաև ՆԱՏՕ-ի օրինակով ներառում է հավաքական պաշտպանության սկզբունքը՝ երկրներից մեկի դեմ հարձակումը նշանակում է հարձակում բոլորի վրա։ Անդրադառնալով Իրանի նկատմամբ Վաշինգտոնի կողմից տնտեսական ու առևտրային պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներին՝ Բաղային նշել է, որ վերջին հինգ տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ի ճնշման տարբեր ձևերը նույն նպատակն են հետապնդել։ «Կաթվածահար անող պատժամիջոցներից մինչև առավելագույն ճնշում և տնտեսական պատերազմ՝ բոլորը հետապնդում են մեկ նպատակ, այն է՝ ստիպել հանձնվել այն ազգին, որը որոշել է կանգնել իր ոտքերի վրա, մի ազգ, որը որոշել է չզիջել իր իրավունքները և գիտի, որ այս ալիքները, լինեն դրանք պատերազմի, ահաբեկչության, թե տնտեսական պատժամիջոցների տեսքով, բոլորը հետապնդում են մեկ նպատակ», – ասել է նա։ Բաղային շեշտել է, որ Իրանը դիմադրել է այդ միջոցառումներին և շարունակելու է պաշտպանել իր իրավունքները։ Նա նաև մերժել է ԱՄՆ-ի այն պնդումները, որ Իրանն անվստահելի բանակցային գործընկեր է։



