Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը քննադատական գնահատականներ է հնչեցրել Հայաստանի արտաքին քաղաքականության, Եվրամիության հետ հարաբերությունների խորացման և Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ։ Մեդվեդևի խոսքով՝ «ակնհայտ է, որ Հայաստանը երբեք չի անդամակցի ծանր ու քրոնիկ հիվանդություններով տառապող Եվրամիությանը, սակայն երկար ժամանակ կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ»։ Նա Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականությունն անվանել է «փոքր երկրի ներկայիս ղեկավարի հավակնությունների գին»՝ պնդելով, որ դրանք «խիստ միախառնված են ազգային շահերի դավաճանության, Սորոսի փողերի և Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սատանայական հետապնդման հետ»։ Մեդվեդևը, անդրադառնալով Հայաստանի իշխանություններին, հավելել է․ «Հայաստանի ներկայիս իշխանության պարագայում գործում է միայն մեկ կանոն՝ Non mittite margaritas ante porcos։ Լատիներեն այս արտահայտությունը թարգմանաբար նշանակում է՝ «Մարգարիտները խոզերի առաջ մի՛ նետեք»։



