ԱՄՆ-ն Սիրիան հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից. Դամասկոսը ողջունել է այս քայլը

Միացյալ Նահանգները Սիրիան հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից։ Այս մասին X միկրոբլոգում գրառման մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այսօր ես պաշտոնապես չեղյալ հայտարարեցի Սիրիայի՝ որպես ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը։ Այս գործողությունը նոր ներուժ է բացում Սիրիայի տնտեսական վերածննդի և առաջընթացի համար», – նշված է գրառման մեջ։ Ռուբիոն հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է առաջ մղել ԱՄՆ ազգային անվտանգությունը՝ Մերձավոր Արևելքում խաղաղության, բարգավաճման և անվտանգության հասնելու համար։ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան X-ի իր պաշտոնական էջում շնորհավորել է Սիրիայի ժողովրդին ահաբեկչությանը հովանավորող պետությունների ԱՄՆ ցուցակից երկրի անվան պաշտոնական հեռացման կապակցությամբ՝ որոշումը որակելով «պատմական»։ Նա նաև շնորհակալություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին և «եղբայրներին ու ընկերներին», որոնք կանգնած են եղել Սիրիայի և նրա ժողովրդի կողքին։ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շայբանին իր հերթին X-ում գրառման մեջ ողջունել է ԱՄՆ-ի որոշումը՝ նշելով, որ Սիրիայի նախագահի ղեկավարությամբ կշարունակեն ջանքերը՝ հաղթահարելու մեկուսացման ժառանգությունը և խթանելու թափանցիկության, փոխադարձ շահերի և հարգանքի վրա հիմնված միջավայր՝ ի նպաստ Սիրիայի և տարածաշրջանի զարգացման ու կայունության։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11571

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով